Մատչելիության հղումներ

Արտասահմանյան մամուլը` հայաստանյան իրադարձությունների մասին


Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան» պարբերականի փոխանցմամբ, Բաքվից Երեւան մեկնող Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան ասել է, թե Հայաստանի կառավարությանը կփոխանցի, որ ոչ մի դեպքում չի կարելի կրկնել ուժի բիրտ գործադրումը:

«Քրիսչըն սայընս մոնիթոր»-ը գրել է, թե Հայաստանը դարձավ հետխորհրդային վերջին երկիրը, որտեղ ցուցարարների նկատմամբ կոշտ ուժ է գործադրվել: Թերթը նշում է, որ վերջին տարիներին զանգվածային բախումներ եւ ուժայինների միջամտություն է եղել Ղրղըզստանում, Ուզբեկստանում, Բելառուսում, Վրաստանում եւ հիմա էլ՝ Հայաստանում. - «Մեկնաբանների մեծ մասը ենթադրում է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակը, հավանաբար, իսկական էր, թեկուզեւ ոչ ամբողջությամբ արդար, իսկ հետընտրական բռնությունները կարող են էապես խարխլել երկրի փխրուն ժողովրդավարությունը»:

«Կոսովոյի սինդրոմը» խորագրի ներքո «Նեզավիսիմայա գազետա»-ն գրել է, թե շփման գծում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների բախումը որոշ փորձագետներ կապում են Կոսովոյի նախադեպի հետ: Բաքուն պնդում է, որ հակառակ կողմը նախապես ծրագրել էր միջադեպը, որի նպատակն էր շեղել միջազգային համայնքի ուշադրությունը Երեւանում տեղի ունեցած արյունալի իրադարձություններից: Հայկական կողմը հայտնում է, որ Ղարաբաղի բանակը ետ է մղել ադրբեջանցիների գրոհները եւ պարտադրել է նրանց՝ վերադառնալ հին դիրքեր:

«Կատակներն ավարտվեցին. հրամանը հրաման է» խորագրի ներքո «Իզվեստիա»-ն գրում է, որ Երեւանում այլեւս ոչ մի բան չի հիշեցնում սարսափելի օրվա մասին, երբ ցուցը ցրելու ժամանակ մարդիկ զոհվեցին: Կոտրված ապակիները փոխել են, հրկիզված մեքենաները տարել են տուգանային հրապարակ, զրահատեխնիկան եւ զրահաբաճկոններով ու սաղավարտներով պաշտպանված զինվորները հսկում են կառավարական շենքերը: Մի սպա լրագրողին թույլատրել է մոտենալ զինվորներին` միայն խնդրելով չլուսանկարել: Լրագրողը զինվորներից մեկին հարցրել է. - «Եթե հրամայեն՝ կրակելո՞ւ ես»: Զինվորն ավտոմատից անջատել է պարունակը, ցույց է տվել մարտական փամփուշտները եւ ասել. - «Կատակներն ավարտվել են, հրամանը հրաման է»: Զինվորը հանրահավաքը ցրելու գործողությանը չի մասնակցել, նրան հաջորդ օրն են բերել՝ ավտոբուսով: Նա չգիտի, թե որքան ժամանակ կանգնած կմնա կառավարական շենքի մոտ: Նա չի բացառել, որ արտակարգ դրությունը կարող են երկարաձգել ընդհուպ մինչեւ նորընտիր նախագահի պաշտոնամուտը, այսինքն` մեկ ամսից երկար»:

«Մեծ տղերքն անհանգստացել են» վերնագրի ներքո «Վրեմյա նովոստեյ»-ը հաղորդում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի խնդրանքով Երեւան է ժամանել բրիտանացի Ջոն Պրեսկոտը, ով ղեկավարել է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած է ԵԽԽՎ-ի պատգամավորների պատվիրակությունը: Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մտահոգություն են հայտնել նաեւ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն:

«Չեզոքություն ռուսական ձեւով» վերնագրած հոդվածում «Գազետա»-ն գրել է, որ ռուսաստանյան հեռոուստատեսությունը երեւանյան իրադարձությունների շուրջ լռության պատ է կանգնեցրել, ինչը ստիպում է հիշել սովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի ժամանակները, երբ մարդիկ այսպես կոչված «թշնամական ռադիոկայաններից» են տեղեկացել առավել հրատապ նշանակության իրադարձությունների մասին: «Ռուսական չեզոքությունը արդունքում հանգեցրել է նրան, որ ոչ մի ընդդիմություն, ոչ մի հանրահավաք եւ այն ցրելու ոչ մի գործողություն, կարծես, չի էլ եղել: Կրեմլը հորինել է հայաստանյան ընդդիմությանը որպես թշնամի չցուցադրելու մեկ տարբերակ, այն է` ընդհանրապես ցույց չտալ ընդդիմությանը: Չեզոքությունը՝ բարդ արվեստ է, կարելի է համեմատել ֆրակ կրելու հետ, նա, ով սովոր է զինվորական հագուստ կրել՝ ֆրակին դժվարությամբ է հարմարվում», - գրել է «Գազետա»-ի մեկնաբանը:

«Զերկալո»-ն հաղորդում է, որ Բաքվի օտար լեզուների պետական համալսարանում երեկ տեղի է ունեցել բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի հեղինակած «Սեւ այգի. Ադրբեջանը եւ Հայաստանը խաղաղության եւ պատերազմի միջով» գրքի ադրբեջաներեն թարգմանության շնորհանդեսը: Թարգմանությունն իրականացվել է ամերիկյան դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Շնորհանդեսի ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջոնաթան Հենիքը, ով ասել է, որ դեսպանատունը մեծ կարեւորություն է տալիս Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Պատասխանելով «Զերկալո»-ի թղթակցի հարցին` արդյոք ղարաբաղյան խնդրի կարգավորման համար խոչընդոտ չէ՞ այն, որ Հայաստանում եւ Ադրբեջանում իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով չի ձեւավորվում, գրքի հեղինակ Թոմաս դե Վաալն ասել է. - «Ե’վ Ադրբեջանը, ե’ւ Հայաստանը կիսաժողովրդավարական երկրներ են, որոնց առաջնորդները վախենում են կորցնել իշխանությունը, քանզի այն կորցնելու դեպքում նրանք ամեն ինչ կկորցնեն»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG