Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Հրադադարի ռեժիմի խախտում լինում է համարյա ամեն օր»


Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտում լինում է համարյա ամեն օր: Այդ մասին հայտնեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

«Այսինքն, կրակոցներ են լինում տարբեր հատվածներում, սկսած Նոյեմբերյանի շրջանից մինչեւ Վարդենիսի շրջան: Եվ այս օրերին ե’ւ Նոյեմբերյանում, ե’ւ Տավուշում, ե’ւ Արարատի շրջանում, ե’ւ Վայքում եղել են կրակոցներ», - նշեց Օհանյանը:

Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները, թե հրադադարի ռեժիմի խախտումը հրահրվել է հայկական կողմից` շեղելու համար ուշադրությունը Երեւանում հայտարարված արտակարգ դրությունից, գեներալ-գնդապետը հայտարարեց. - «Ուշադրության շեղման որեւիցե մի բան չկա: Մենք չէինք կարող գնալ նման գործողությունների, որտեղ չգիտես, թե ի՞նչ ելք կունենա, ինչպիսի՞ կորուստներ մենք կունենանք: Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք հարձակողական գործողություններ կատարեինք` բաց դաշտով հարձակվեինք նրանց վրա, եւ միայն երկու վիրավոր ունենայինք, իսկ իրենց կորուստները այդքան մեծաթիվ լինեին»:

Օտարերկրյա լրատվամիջոցների պնդումներին, թե վարչապետ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել սվինների օգնությամբ, եւ որ եթե բանակի գեներալների մի մասն անցներ հասարակության կողմը, ապա իրավիճակի կտրուկ փոփոխություն կլինեին, Սեյրան Օհանյանը հակադարձեց. - «Կարծում եմ, այն իրողությունը, որ տիրում է Հայաստանում, դա փաստ է, որ Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել: Եվ սա լոկ խոսքեր չեն երեւի, ընտրությունների ժամանակ քվեարկություն է եղել, եւ այդ քվեարկության տվյալները կան, եւ ոչ միայն մենք, այլեւ շատ-շատ պետություններ դա ընդունել են, շնորհավորել են»:

«Այս ամենը մենք պետք է հիմք ընդունենք, եւ այլ տեսակետների արտահայտման ձեւը երկխոսությունն է», - ընդգծեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG