Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանել ԱՄՆ-֊ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, երեկոյան Բրայզան, որը Երեւան է ժամանել Բաքվից, հանդիպելու է արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Մեթյու Բրայզան «Ասոշիեյթեդ փրես»-֊ին ասել է, որ մտադիր է Երեւանում խստորեն դատապարտել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումները:

«Մենք պարզապես դատապարտում ենք բռնությունը: Դա պարզապես չի կարող կրկնվել»,֊ - ասել է Բրայզան:

Նույն գործակալության վկայությամբ՝ նա մտադիր է «ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի վերացվի արտակարգ իրադրությունը, եւ խնդրել կողմերին իրենց վիճաբանությունը փողոցներից տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ»:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին եւս երեկվա ճեպազրույցում հայտնել է, որ Մեթյու Բրայզան Հայաստանի կառավարությանը կոչ է անելու վերացնել արտակարգ դրությունը:

«Նրա հստակ ուղերձներից մեկն է լինելու` ասել Հայաստանի կառավարությանը, որ այժմ, երբ իրավիճակը հանդարտվել է, շատ կարեւոր է, որպեսզի արտակարգ դրությունը վերացվի», - ասել է Քեյսին եւ հավելել. - «Մենք մտահոգված ենք նաեւ մամուլի, այդ թվում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նկատմամբ այնտեղ կիրառվող սահմանափակումներով: Մենք կցանկանայինք, որպեսզի դրանք վերացվեն»:

Երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ոչ մի պատճառ չի տեսնում արտակարգ դրությունը սահմանված ժամկետից շուտ վերացնելու կամ երկարաձգելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG