Մատչելիության հղումներ

«Հայաստանում նախորդ ամիս տեղի ունեցած ընտրություններն անցան տխուր եւ ծանոթ սցենարով. վարչախումբը ճնշեց ընդդիմության ներկայացուցիչներին, կաշառեց ու վախեցրեց ընտրողներին, լցոնեց քվեատուփերը եւ սխալ հաշվարկեց քվեաթերթիկները», - գրել է Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանը «Վաշինգտոն փոստ» թերթի այսօրվա համարում հրապարակած հոդվածում:

«Մենք` ընդդիմադիրներս զայրացած էինք այս ամենից, բայց ոչ զարմացած», - գրում է Տեր-Պետրոսյանը եւ հավելում. - «Մեզ զարմացրել ու տարակուսանք էր պատճառել Արեւմուտքի քար լռությունը: Դրանից առավել մեզ տարակուսանք պատճառեց ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցը, որը վավերացրեց Սարգսյանի հաղթանակի մասին կեղծ պնդումները»:

Արձանագրելով, որ Հայաստանի ժողովուրդը, ի տարբերություն ԵԱՀԿ-ի դիտորդների, տեսավ այն, ինչ տեղի էր ունեցել ընտրատեղամասերում, եւ բողոքի շարունակական հանրահավաքներ սկսեց Ազատության հրապարակում` Lեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծում է. - «Այդ հավաքները կարող են ոչ լեգիտիմ իշխանությունների դեմ օրինական, խաղաղ դիմադրության օրինակ ծառայել»:

«Մենք Հայաստանում փորձում ենք հասկանալ` որո՞նք են Քոչարյանի եւ Սարգսյանի վարչախմբի կողմից մեր ժողովրդավարության բռնաբարման նկատմամբ [Արեւմուտքի] նման անտարբերության արմատները», - գրում է Lեւոն Տեր-Պետրոսյանը եւ նշում երկու հնարավոր վարկած. առաջին` Եվրոպայի եւ Արեւմուտքի որոշ հեղինակավոր կազմակերպություններ եւ գործիչներ անկեղծորեն հավատում են, թե հիմնական սխալները քննադատելու փոխարեն փոքրիկ բարեփոխումները գնահատելը կարող է խթան հանդիսանալ դրական վարքագիծ դրսեւորելու համար, եւ երկրորդ` «միգուցե ամենակարեւոր» վարկածը այն մտայնությունն է, թե Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են լուծել միայն ղարաբաղյան ծագում ունեցող գործիչները:

«Խնդիրը, սակայն, այն է, որ իշխանության տասը տարիների ընթացքում Քոչարյանն ու Սարգսյանը շատ քիչ բան են արել բանակցային գործընթացը առաջ տանելու համար», - փաստում է Lեւոն Տեր-Պետորսյանը եւ ընդգծում. - «Ցանկացած առաջնորդ, որ ստիպված պետք է լինի կարեւոր եւ դժվարին որոշումներ կայացնել, պետք է ունենա ժողովրդի վստահությունը, մինչդեռ Սարգսյանը չունի այն»:

«Քոչարյանն ու Սարգսյանը չեն կարող կառավարել այստեղ այն ամենից հետո, ինչ արեցին մարտի 1-ին, էլ չեմ ասում` դժվարին որոշումներ կայացնել», - պնդում է հոդվածագիրը եւ շարունակում. - «Այժմ Հայաստանի ժողովուրդը Արեւմուտքից ու Միացյալ Նահանգներից ակնկալում է առնվազն մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների կոշտ եւ հստակ դատապարտում եւ արձանագրում, որ կառավարությունը, ոչ թե ընդդիմությունն է մեղավոր տեղի ունեցածի համար: Մենք նաեւ ակնկալում ենք ընտրությունների արդյունքների վերանայում»:

«Եթե այս քայլերը չձեռնարկվեն, ապա հայերը երկու անցանկալի եզրակացություն կանեն. նախ, որ քաղաքական պայքարի խաղաղ եւ օրինական միջոցները անարդյունավետ եւ անիմաստ են, եւ երկրորդ` որ Արեւմուտքը հոգ է տանում ժողովրդավարության մասին միայն այն ժամանակ, երբ դա քաղաքականապես նպատակահարմար է գտնում», - շեշտում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG