Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների գործով արդեն կա 26 կալանավորված եւ 27 ձերբակալված անձ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Այսինքն, 27 հոգին կասկածյալի կարգավիճակում են, եւս 26 անձ արդեն ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրանց առաջադրվել են մեղադրանքներ` Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Խոսքը վերաբերում է 225 պրիմ («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը»), 225 («Զանգվածային անկարգություններ»), 316 («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ 300 («Պետական իշխանությունը յուրացնելը») հոդվածներին», - ասաց Սոնա Տռուզյանը:

Նա հաստատեց, որ կան նաեւ «մեծ թվով» հետախուզվողներ, որոնց անունները չեն հրապարակվում` ելնելով նախաքննության շահերից:

«Դրանք մի քանի տասնյակի՞ են հասնում», - այս հարցին գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հակադարձեց. - «Ավելի մանրամասն տեղեկատվություն հետախուզվողների վերաբերյալ թույլ տվեք չհրապարակել, որովհետեւ դա է պահանջում նախաքննության շահը: Աննախադեպ հանցագործություն է տեղի ունեցել, Հայաստանի, թերեւս, պատմության մեջ, որը բավական լուրջ աշխատանք է պահանջում` ամբողջական բացահայտումն ապահովելու համար, ինչպես` պատճառահետեւանքային կապը, շարժառիթները, կազմակերպիչները: Այնպես որ, թույլ տվեք այս փուլում նաեւ հետախուզվողների մասին որեւէ լրացուցիչ տվյալներ չհայտնել, որովհետեւ մտավախություն կա, որ դա նրանց կօգնի` հետագա փախուստը ավելի արդյունավետ դարձնելու համար»:

Սոնա Տռուզյանը վստահեցրեց, որ նախաքննական մարմինը կատարել է բավական մեծածավալ աշխատանք. - «Առգրավվել եւ հետազոտվել են դեպքի նկարագիրը արտացոլող բոլոր տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց արդյունքում արդեն իսկ կարող ենք ասել, որ նախաքննական մարմինը, ըստ էության, տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը եւ դեպքերի զարգացմանը, թե ինչպես են զարգացել իրադարձությունները եւ ով ինչ մասնաբաժին է ունեցել: Եվ վստահեցնում ենք, որ որեւէ կարգազանց անպատիժ չի մնա»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG