Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիթին այսօր Հայաստանի իշխանություններին կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել արտակարգ իրավիճակը եւ խրախուսել քաղաքական երկխոսությունը:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի փոխանցմամբ, Թալվիթիեին կիրակի օրը, մարտի 2-ին, Երեւան է ուղարկել ԵԱՀԿ- գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ փնտրելու համար:

«Նշեմ, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին 10 օրվա ընթացքում հաջորդած ցույցերը խաղաղ բնույթ էին կրում, սակայն շաբաթ օրը, մարտի 1-ին, տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրեցին արտակարգ իրավիճակի հայտարարման, շատ լուրջ եւ ողբերգական էին», - ասաց նա Հելսինկի վերադառնալուց առաջ:

Նա նաեւ նշեց, որ ցավոք` չի ցուցաբերվել առավելագույն զսպվածություն:

«Այն փաստը, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահը շաբաթ օրվա իրադարձություններից հետո ինձ անմիջապես ուղարկեց Հայաստան ցույց է տալիս, որ նա լրջորեն մտահոգված է: Նա խիստ անհանգստացած է մահվան դեպքերի եւ վիրավորների կապակցությամբ», - ավելացրեց նա:

Իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում Թալվիթիեն հույս հայտնեց, որ արտակարգ իրավիճակը շուտով կդադարեցվի, որպեսզի բնականոն քաղաքական կյանքը վերականգնվի:

«Առաջ գնալու համար անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, իսկ նման երկխոսությունը հնարավոր չէ, քանի դեռ առկա է արտակարգ իրավիճակ», - ասաց նա: - «Քաղաքական երկխոսությունը կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե այն ընդգրկուն գործընթաց է, որը ներառում է բոլոր քաղաքական ուժերին»:

Նա նաեւ կոչ արեց իշխանություններին մանրազնին հետաքննել մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները: Նա նշեց, որ հանցագործություն իրականացրած բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն զգուշացրեց քաղաքական հիմքերով ձերբակալություններ իրականացնելուց: Նա նշեց, որ հրավիրվել է Սահմանադրական դատարանի նիստ` նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքները լսելու համար:

Թալվիթիեն ասաց, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին` ստեղծելու պայմաններ իրավիճակը կարգավորելու համար:

«Ինչպես նշել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը վերջերս Հայաստան կատարած իր այցի ժամանակ, երկխոսությունը եւ համագործակցությունը ԵԱՀԿ-ի հիմնասյուներն են: Մեկ անգամ եւս կոչ ենք անում բոլոր կողմերին` արդյունավետ կերպով օգտագործել այս գործիքները Հայաստանում առկա մարտահրավերներին դիմակայելու համար», - ասաց նա:

Իր եռօրյա այցի ընթացքում Թալվիթիեն հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության այլ առաջնորդների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG