Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «Ամենայն խստությամբ դատապարտում ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությունը»


«Անկասկած, մենք խիստ մտահոգված ենք վերջին մի քանի օրերին իրադարձությունների զարգացմամբ, խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

«Մեր կարծիքով, կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հնարավորինս արագ կարգավորել իրադրությունը: Հուսով ենք, որ շատ շուտով, օրինակ, ամբողջ ծավալով կվերականգնվի լրատվամիջոցների ազատությունը, եւ որ հնարավոր կլինի վերացնել արտակարգ իրավիճակը», - ասաց Սեմնեբին:

Նա չցանկացավ մանրամասներ փոխանցել երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ` ասելով միայն. - «Մենք նույն տեսակետն ունենք, որ այս իրավիճակը լուծում է պահանջում: Մեր կարծիքով, կարեւոր է այդ հանգուցալուծել այնպես, որ հասարակության բոլոր հատվածները զգան, որ ունեն ձայնի իրավունք, իրենց ցանկությունները եւ քաղաքական հայացքները արտահայտելու հնարավորություն»:

Սեմնեբիի խոսքով, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության առաջնորդների պատասխանատվությունն է, որպեսզի հասարակությունը ճիշտ հետեւություններ անի, Հայաստանի ժողովրդավարության համար այս չափազանց լուրջ փորձությունից ավելի ամրացած ու համախմբած դուրս գա»:

Ի պատասխան հարցին, թե, իր կարծիքով, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ իրավիճակից դուրս գալու համար Եվրամիության պատվիրակը նշեց «հասարակության բոլոր հատվածներին ձայնի իրավունք տալու անհրաժեշտությունը, ինչի համար հարկավոր է երկխոսություն», «լրատվամիջոցների ազատ գործունեության հնարավորությունների վերականգնումը», «մարտի 1-ի իրադարձությունների եւ դրան հանգեցրած իրավիճակի խորը հետաքննությունը»:

«Անշուշտ, պետք է իրավական հետաքննություն կատարվի, բայց այդ իրավական հարցերը պետք է հստակորեն սահմանազատվեն քաղաքական քննարկումներից, որոնք նույնպես պետք է տեղի ունենան», - ասաց Սեմնեբին:

Նա ասաց, որ ընդդիմության առաջնորդների` այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումներից տպավորություն է ստացել, որ որոշ դիրքորոշումներ «շատ կոշտ են». - «Բայց առաջնայինն ու հիմնականը, ինչի կոչ են անում` չանձնավորելն է: Կարեւոր է սկսել երկխոսությունը, որը կընդգրկի հայաստանյան ողջ հասարակությունը` բոլոր քաղաքական ուժերը, հասարակության բոլոր հատվածները` մշակելու այն քայլերը, որ պետք է ձեռնարկի Հայաստանը առաջ շարժվելու եւ այս լուրջ դժվարությունները հաղթահարելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG