Մատչելիության հղումներ

Թերրի Դեւիս. «Ցնցված եմ, տեղեկանալով, որ 8 մարդ է զոհվել»


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը իր մտահոգությունն է հայտնել հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ:

«Ես շատ մտահոգված եմ Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ, տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան բոլոր դեպքերը եւ ուժի կիրառման չարաշահման վերաբերյալ մեղադրանքները: Ակնհայտ է, որ հետաքննությունը պետք է կենտրոնանա հանցագործությունների կատարողներին հայտնաբերելու վրա եւ ոչ թե օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար», - ասել է Թերրի Դեւիսը:

«Իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է անեն ամեն ինչ հետագա բռնությունը կանխելու համար: Հուսով եմ, որ արտակարգ իրադրությունը կվերացվի շատ շուտով: Մինչ այդ հորդորում եմ իշխանություններին քննարկել սահմանված սահմանափակումների արդարացվածության հարցը, հատկապես զանգվածային լրատվության, քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների դեպքում: Այս սահմանափակումները խոչընդոտում են քաղաքական երկխոսությանը, որը ներկա իրավիճակում քաղաքական լուծում գտնելու միակ ճանապարհն է», - կարծիք է հայտնել Թերրի Դեւիսը:

Նա եզրափակել է. - «Արտակարգ իրավիճակը սահմանափակում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող մի շարք իրավունքների եւ ազատությունների իրագործումը: Կոնվենցիայի թիվ 15 հոդվածի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը պետք է տեղեկացնի ինձ իր ձեռնարկած միջոցների եւ դրանց հիմնավորվածության մասին: Ակնկալում եմ, որ դա կարվի առանց հապաղելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG