Մատչելիության հղումներ

«Ամեն մեկը պետք է իր մասով պատասխանատվություն վերցնի այս ամենի համար. իրեն պատասխանատու համարի եւ ոչ թե մեղադրի մյուսին», - հայաստանյան երկօրյա հանդիպումներից հետո օտարկերյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին այսօր ասաց Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: - «Սա ողբերգություն է ամբողջ Հայաստանի համար»:

«Իշխանությունները հիմա պետք է հաղթահարեն քաղաքական այն իրավիճակը, որը շատ լավ չէ: Տեր-Պետրոսյանն էլ շատ մեկուսացած է հիմա: Եթե հիմա սկսենք մեկս մյուսին մեղադրել, դա կտանի փակուղի», - շարունակեց նա: - «Միակ բանը, որ կարող ենք անել պատասխանատվություն ստանձնելն է. այդքան մարդ է մահացել: Հիմա ամենակարեւորն է՝ փորձել բռնել քաղաքական լուծում գտնելու ուղին»:

Կիրակի օրը Հայաստան ժամանելուց հետո Տալվիտիեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, այսօր նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Կրկնակի հանդիպումներ է այսօր ունեցել նախագահ Քոչարյանի եւ վարչապետ Սարգսյանի հետ:

Հեյկի Տալվիտիեի տպավորությամբ, քաղաքական երկխոսության համար ժամանակ է պետք՝ նկատի ունենալով կողմերի հարաբերությունները: Իշխանության ներկայացուցիչները խոստացել են, որ շաբաթ գիշերը հանցագործություն կատարածները պատժվելու են եւ հավաստիացրել, որ ոստիկանությունն ապացույցներ ունի:

Եվրոպայից ժամանած պատվիրակն ասաց, որ իր նպատակն է եղել, որ ձերբակալությունները սահմանափակվեն միմիայն ապացույցներով:
Իշխանությունները երաշխավորել են, որ իրավիճակը հանդարտվելուն պես, հնարավորինս շուտ կվերացնեն արտակարգ դրության իրավիճակը` անգամ եթե դա լինի 20 օրից շուտ:

Նրա կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը դե յուրե տնային կալանքի տակ չէ, իսկ դե ֆակտո՝ այո:

Տալվիտիեն նաեւ ասաց, որ 1995 թվականից ի վեր Հայաստանում ընտրական համակարգը մեծ առաջընթաց է ապրել. - «Չեմ կարծում, որ մի գիշերոււմ կարող է երկիրը ժողովրդավար դառնալ»: Լրագրողի դիտարկմանը՝ թե ութ մահը ժողովրդավարության մեծ առաջընթա՞ց է, պատասխանեց, որ իր ասածն ընտրական համակարգի մասին է, իսկ «մահերը, իհարկե, առաջընթաց չէ, վատ է»:

«Իշխանությունն էլ պետք է ցույց տա, որ ընդդիմությունն էլ իր ուրույն տեղը պետք է ունենա իշխանության մեջ», - ասուլիսի ավարտին ասաց Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG