Մատչելիության հղումներ

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ թերթը լույս չի տեսնելու, որովհետեւ «Առավոտ»-ը չի կարող միայն պաշտոնական լրատվություն տալ: Թերթի իմաստը, Աբրահամյանի խոսքով` «բազմակողմանի լրատվություն ապահովելն է»:

«Այսինքն մենք պետք է ոչ միայն իշխանության տեսակետը տանք, այլեւ` ընդդմիության, Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոստիկանության կողմից ծեծված մարդկանց տեսակետները: Եթե մենք դա չտանք, ու միայն տանք պաշտոնական հաղորդագրությունը, մեր թերթը պարզապես կվարկաբեկվի: Ես կարծում եմ, որ դա հակասում է լրագրության էությանը: Հենց այդ պատճառով մենք չենք տպագրվելու», - ասաց Արամ Աբրահամյանը:

Նույն պատճառով չի տպագրվելու նաեւ «168 ժամ» թերթը: Թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կաշխատի միայն ինտերնետային կայքը, որտեղ կտեղադրվեն բացառապես պաշտոնական հաղորդագրությունները:

«Մենք չցանկացանք մեր թերթում միայն մարզական կամ մշակութային նյութեր հրապարակել: Դա էլ ճիշտ չէ: Այս պահին, կարծում եմ, որ լրատվության խնդիրը նաեւ պետք է լինի ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը», - հավելեց Սեյրանյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի համարի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը, մինչդեռ, ասաց, որ իրենց թերթը նորմալ լույս է տեսնելու` լուսաբանելով քաղաքական բոլոր իրադարձությունները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դա օրենքի խախտում չէ, Հայկ Գեւորգյանը պատասխանեց, որ իրենք ոչ մի օրենք չեն խախտում, քանի որ, «ՀՀ նախագահի հրամանագիրը հակասահմանադրական է»:

«Հայաստանում չկա արտակարգ դրության մասին օրենք, իսկ մարդու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով: Դա սահմանադրական նորմ է, ՀՀ նախագահի հրամանագիրը օրենք չէ», - ասաց Գեւորգյանը` հավելելով. - «Մեզ այցելել են իրավապահ մարմիններից ներկայացուցիչներ: Իրենք մեզ փորձել են բացատրել, թե ինչպես պետք է լինի թերթը, մենք նրանց մի քանի հարց ենք տվել, որոնց պատասխանը չենք կարողացել ստանալ: Օրինակ, նրանք չեն կարողանում պատասխանել, թե «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը պաշտոնակա՞ն տեղեկատվություն է, թե՞ ոչ: Ո՞վ է վերահսկելու, որոշելու այդ ամենը, գրաքննությունն ո՞վ է իրականացնելու»:

«Ազգ» օրաթերթը, գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի փոխանցմամբ, լույս կտեսնի:

«Իհարկե, մենք դժվարություններ կունենանք հարմարվել արտակարգ դրության պայմաններին, բայց մենք մի առավելություն ունենք թերեւս մյուս թերթերի նկատմամբ, որ արդեն 18 տարի ֆիքսված էջեր ունենք ոչ քաղաքական` մշակութային, մարզական, տնտեսական եւ այլ թեմաներին նվիրված», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ավետիքյանը` այդուհանդերձ հավելելով, որ իրենք էլ դժվարություններ ունեն կողմնորոշվելու, թե ինչն է այժմ թույլատրելի, ինչը` ոչ: - «Ամեն դեպքում ինձ թվում է, որ պետք է մի կոորդինացիոն գրասենյակ լինի: Այլ երկրներում նման պայմաններում ինֆորմացիայի նախարարություն կամ ինչ-որ գերատեսչություն է այդ ամենը կազմակերպում: Ակնկալում եմ, որ իշխանությունները ժամանակավոր մեկ գրասենյակ ստեղծեին, որտեղ կպատասխանեին մեր բոլոր հարցերին: Այլապես կարող ենք խնդիրներ ունենալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG