Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել մարտի 1-ի իրադարձությունների առթիվ


«Վիշտն է այսօր համակել ամենքիս հոգիները: Ազգս հայոց սգում է կորուստը իր զոհված զավակների», - ասված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի` այսօր հրապարակված ուղերձում:

«Նախագահական ընտրապայքարում դրսեւորված անհանդուրժողության ոգին հանգեցրեց անկարգությունների, ցավալի եւ ողբերգական բախումների ու առճակատման: Երբեք չէինք սպասի, որ բնական ողջախոհությունը մեր ժողովրդի պիտի տեղի տար ատելության եւ թշնամանքի առջեւ: Այսօր, սիրելիներ, մտահոգ եւ անհանգիստ է համայն մեր ժողովուրդը` վտանգված տեսնելով իր նվիրական արժեքները` ազգի միաբանությունը, Հայրենիքի խաղաղությունն ու ապահովությունը», - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, ասված է Վեհափառ Հայրապետի ուղերձում: - «Ցուցաբերենք ողջամտություն, հեռու մնանք եղբայրատյացության զգացումներից, տագնապը խորացնող քայլերից: Հուզող բոլոր հարցերն ու խնդիրները վճիռների պիտի առաջնորդել խաղաղությամբ, օրինահարգությամբ, երկխոսության ապահով ուղիներով»:

«Պատմության ու սերունդների առջեւ պատասխանատու ենք յուրաքանչյուրս: Չլինի, որ անխոհեմ հետագա քայլերով վտանգենք մեր երկրի կայունությունը: Չլինի, որ մթագնած տեսնենք մեր Հայրենիքի նորաբաց արեւը: Չմնանք պարտական Աստուծո, մեր հայրերի ու զավակների առջեւ: Հավատում ենք, որ ապավինությամբ առ Աստված, արիության ոգով, հույսով ու լավատեսությամբ պիտի հաղթահարենք ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակը, վերագտնենք մեր կյանքի, մեր Հայրենիքի բարօր ընթացքը: Աղոթք ենք բարձրացնում երկինք հոգիների համար զոհված մեր զավակների եւ մխիթարություն հայցում նրանց սգակիր ընտանիքներին եւ հարազատներին:
Թող Աստված զորակից լինի մեզ: Թող Տերն օրհնի ամենքիս իմաստությամբ եւ Սուրբ Հոգու առաջնորդությունը պարգեւի մեզ` հաղթահարելու մեր կյանքի այս ծանր փորձությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG