Մատչելիության հղումներ

Հայաստանյան անցուդարձը արտասահմանյան մամուլի էջերում


Արտասահմանյան մի շարք լրատվական գործակալություններ արձագանքել են անցած գիշեր Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին:

«Երեւանում արտակարգ դրություն է»

Մոսկվայում լույս տեսնող «Իզվեստիա»-ն «Երեւանում արտակարգ դրություն է» խորագրի ներքո հրապարակած ռեպորտաժում հաղորդում է, որ ոստիկանության տվյալներով, անկարգությունների ընթացքում զոհվել է 8 մարդ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ երեկոյան է ստորագրել Երեւանում արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը: Թերթը մեջբերում է մի հատված ոստիկանության տարածած հաղորդագրությունից, որի համաձայն` «ձեռնարկվում են միջոցառումներ կազմակերպիչների եւ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար»:

«Բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ»

«Նյու 3որք Թայմս»-ը գրում է, թե 11 օր շարունակ մարդկանց հսկայական զանգվածներ են լցվել այս լեռնային փոքր երկրի մայրաքաղաքի փողոցներ, որտեղ մարդիկ բողոքներ են հայտնել եւ պնդել են, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները:

«Բայց այն, ինչ սկսվել էր որպես հանրահավաք, որի ընթացքում եղել են երթեր դեպի կառավարական շենքեր եւ հնչել են հակաիշխանական կարգախոսներ, շաբաթ օրը շատ ավելի վտանգավոր բնույթ է ստացել. իշխանությունները սկսել են մահակներ, արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ օգտագործել, ուշ երեկոյան մայրաքաղաքի որոշ շրջաններում զանգվածային անկարգությունների եւ թալանի դեպքեր են գրանցվել, եւ կառավարությունը արտակարգ դրություն է մտցրել»:

«Նյու 3որք Թայմս»-ը գրում է, թե «շաբաթ առավոտյան իշխանությունները, խոսելով սահմանադրական կարգը պաշտպանելու անհրաժեշտության մասին, կիրառել են ցույցեր ցրելու մի հին մեթոդ. ականատեսների վկայությամբ, նրանք ատրճանակներ եւ նռնակներ են տեղադրել քնած ցուցարարների մոտակայքում եւ ապա խուզարկության փորձ են արել, սկսվել է բախում, մի քանի տասնյակ մարդիկ վնասվածք են ստացել»:

«Դա բացարձակ արհեստական պատրվակ էր, նրանք ի սկզբանե մտադիր էին ցրել հանրահավաքը», - «Նյու 3որք Թայմս»-ին տված հարցազրույցում ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Նյու 3որք Թայմս»-ը նշում է, որ «ընտրությունները հենց մեկնարկից բարդ են ընթացել». - «Մի ընտրատեղամասում քվեների մեկ-քառորդը անվավեր է ճանաչվել, մյուսում բոլոր 1449 քվեները եղել են Սերժ Սարգսյանի օգտին»:

«Ես կառավարությանն ասել եմ, որ նման բան նույնքան հավանական է, որքան հինգոտանի շան ծնունդը», - ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ի դիտորդական առաքելության ղեկավար երտ Արենսը:

«Արյունալի ջարդեր Երեւանում»

«Արյունալի ջարդեր Երեւանում» խորագրի ներքո «Նովիե Իզվեստիա»-ն հաղորդում է Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, վիրավորների եւ զոհերի մասին:

Թերթը գրում է, թե «գիշերային անկարգություններից հետո քաղաքի կենտրոնն այնպիսի տեսք ունի, կարծես ճակատամարտ է եղել: Քաղաքապետարանի առջեւ աղբակույտեր են, ամենուր շշեր են, խարույկների ծուխը դեռ չի անցել»:

«Ընտրությունների արդյունքում պաշտոնական տվյալներով վարչապետ եւ ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը քվեների 52.82 տոկոսն է ստացել: Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս: Ե’վ եվրոպացի դիտորդները, ե’ւ ԱՊՀ-ի դիտորդները ընտրությունները նշել են, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային ժողովրդավարական նորմերին: Տեր-Պետրոսյանի աջակիցները ընտրությունների արդյունքները չեն ճանաչել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG