Մատչելիության հղումներ

logo-print

Գլխավոր դատախազության տվյալներով` երեկվա ընդհարման հետեւանքով զոհվել է 8 մարդ


Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` երեկ Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհվել է 8 մարդ: Դատախազությունը ճշտել է բոլոր զոհվածների ինքնությունը:

Դատախազության հաղորդագրությունում ասված է.

«ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հրապարակային միջոցառման մասնակիցները եւ կազմակերպիչները, չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին՝ մայրաքաղաքում հրահրել են զանգվածային անկարգություններ, հրկիզել մասնավոր եւ պետական սեփականություն հանդիսացող ավելի քան երկու տասնյակ ավտոմեքենաներ, թալանել եւ ավերել Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Մոսկվայի տունը, շրջակա խանութները, կոտրել Երեւանի քաղաքապետարանի եւ հարակից շինությունների ապակիներն ու դռները:

Անկարգությունների մասնակիցները, դիրքավորվելով Գրիգոր Լուսավորիչի պողոտայում, կրկեսի, Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի քաղաքապետարանի եւ «Մետրոպոլ» հյուրանոցի միջեւ ընկած տարածքում, զինված հրազենով, մահակներով, մետաղյա ձողերով, դյուրավառ հեղուկով լի տարաներով, զբոսայգուց քանդած սալահատիկների բեկորներով, հարձակումներ են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքից վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը մահացել է, իսկ երեք տասնյակից ավել ոստիկանության աշխատակիցներ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Զանգվածային անկարգությունների հետեւանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 8 անձ: Ստորեւ ներկայացնում ենք նրանց անունները՝

Զաքար Հովհաննիսյան

Համլետ Թադեւոսյան

Գոռ Քլոյան

Դավիթ Պետրոսյան

Տիգրան Խաչատրյան

Գրիգոր Գեւորգյան

Հովհաննես Հովհաննիսյան

Արմեն Ֆարմանյան

Անկարգությունները դադարեցվել են միայն ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրով Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոստիկանության, ազգային անվտանգության եւ զինված ուժերի համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նշված անձանց մահվան հանգամանքները պարզելու, անկարգությունների հեղինակներին եւ իրականացնողներին, ավազակային հարձակմամբ կողոպտված գույքը հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG