Մատչելիության հղումներ

Ոստիկանության հայտարարությունը


Հայաստանի ոստիկանությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«Մարտի 1-ի կեսօրից Երեւանի քաղաքապետարանի շրջակայքում հավաքված բազմությունը աստիճանաբար անկառավարելի էր դառնում, եւ երեկոյան նրանց գործողությունները վերջնականապես վերածվեցին ջարդարարության ու թալանի:

Ժամեր շարունակ շուրջ 7 հազարանոց ամբոխից պարբերաբար անջատվող մեծ ու փոքր ավազակախմբերը զանգվածային անկարգությունների ընթացքում շրջակա փողոցներում հրկիզել են երկու տասնյակից ավելի անձնական օգտագործման, ինչպես եւ ոստիկանական ավտոմեքենաներ, նույնիսկ «շտապ օգնության» մեքենաներ, ջարդուփշուր են արել ավտոբուսներ ու տրոլեյբուսներ: Ավերվել ու թալանվել է «Մոսկվայի տունը», շրջակա խանութներն ու գրասենյակները, փշրվել են քաղաքապետարանի եւ «Վիվասելի» վարչական շենքի ապակիները:

Հարբած ավազակախմբերը հարձակումներ են գործել ոստիկանության զորքերի ծառայողների եւ ոստիկանության աշխատակիցների վրա: ՀՀ ոստիկանության հոսպիտալ է ընդունվել ոստիկանության 33 զինծառայող եւ աշխատակից, որոնցից 11-ը` բեկորային վնասվածքներով, 13-ը` տարբեր ծանրության տրավմաներով, 8-ը` գազերից թունավորումով, 1-ը` ուշագնացությամբ: Ոստիկանության զորքերի 7 զինծառայողների, այդ թվում` 4-ը բեկորային վնասվածքներով, օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր կարգով` հետագա բուժումը զորամասում շարունակելու պայմանով: Այլ բուժհաստատություններ դիմածների թիվը ճշտվում է:

Ըստ առողջապահության նախարարության տվյալների` դեպքի պահին զոհվել է 8 հոգի, որոնց մահվան հանգամանքները պարզվում են ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

Սանձարձակությունները շարունակվում էին, եւ միայն ՀՀ նախագահի հրամանագրով մայրաքաղաքում արտակարգ դրություն մտցնելուց հետո, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ բանակի փոխհամաձայնեցված գործողությունների ճնշման տակ ջարդարարները տեղի տվեցին, դադարեցրին զանգվածային անկարգություններն ու հեռացան:

Ձեռնարկվում են միջոցառումներ կազմակերպիչների եւ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել զգոնություն եւ զսպվածություն, անվերապահորեն կատարել արտակարգ դրության պահանջները, աջակցել իրավապահ մարմիններին` զանգվածային անկարգությունների հետեւանքները վերացնելու գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG