Մատչելիության հղումներ

Մարտի 2-ին Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ, որի ժամանակ հավանություն է տվել արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն ասել է, որ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հանրապետության նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարել է արտակարգ դրություն: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։

Մինչ քննարկվող հարցին անդրադառնալը խորհրդարանը որոշում է ընդունել Ազգային ժողովի հատուկ նիստը Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով չհեռարձակելու վերաբերյալ:

Հարցը ներկայացնելու համար նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակված արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշել է, որ արտակարգ դրություն հայտարարված տարածքում սահմանվել են հետեւյալ սահմանափակումները. ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում, գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւ զննության իրականացում, զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում, առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում, արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում,
արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

Հարցը ներկայացնելուց հետո արդարադատության նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, եղել են բազմաթիվ ելույթներ, որոնցում հնչել է մտահոգություն ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Պատգամավորները նախագահի հրամանագիրը գնահատել են որպես պարտադրված, բայց նաեւ անհրաժեշտ քայլ եւ միակ ելքը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նրանց խոսքով, վտանգված է Հայաստանի կայունությունը եւ միջազգային հեղինակությունը, եւ յուրաքանչյուրը իր կողմից պետք է անի առավելագույնը` հանգուցալուծելու ստեղծված աննախադեպ իրավիճակը:

Հանրապետական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, նշել է, որ առաջարկվող միջոցառումները նպատակ ունեն կայունացնել ստեղծված իրավիճակը, եւ կոչ է արել կանգնել պետության եւ պետականության կողքին` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Արտահերթ ելույթ ունենալով` Ազգային նախագահ Տիգրան Թորոսյանն ասել է, որ լավ կլիներ ոչ նման քննարկում լիներ, ոչ էլ նման հրամանագրի անհրաժեշտություն. - «Մի քանի պարզաբանում: Հրամանագիրը ուժի մեջ է արդեն, հրամանագիրը հրապարակվելուց հետո գործում է: Ասվեց` մեզ նայում եք թշնամու նման: Կարծում եմ` արժանի խոսք չէ, որեւէ մեկն այստեղ թշնամու նման չի նայել մյուսին: Դժբախտաբար, մեկ անգամ չէ, որ այս դահլիճում ինչ-ինչ դրսեւորումներ են եղել: Եթե հետեւողական եւ անկեղծ լինենք միմյանց հետ, պիտի երբեմն նայենք մեր, մեր գործընկերների արածին եւ կանխենք նման ծայրահեղ դեպքերի դրսեւորումը: Նման բաներ, այո, եղել են, ավելի խայտառակ բաներ են եղել` այս դահլիճում ծեծել են մարդկանց, պատգամավորների, եւ այն, ինչ այսօր կատարվել է, դրա շարունակությունն է: Այն նույն ատելությունը, որ այս դահլիճում դրսեւորեցին 1996 թվականին, այդ ատելությունն է հիմա շարունակվում: Ասում եք` 30 տոկոսն է վատը, մնացածը նորմալ մարդիկ են, ո՞վ թողեց այդ 30 տոկոսին, որ մտնեն այդ նորմալ մարդկանց մեջ: Ո՞նց էր 88-89 թթ. հավաքված հասարակությունն իրենց դուրս մղում նման տիպի մարդկանց, ինչո՞ւ այն ժամանակ նման բաներ չէին լինում: Սրա մասին պետք է խոսել: Ասվում է, որ սա ճանապարհ չէ: Ցավոք սրտի` սա մնացած միակ ճանապարհն է: Սա այս իրավիճակում մնացած միակ քայլն է: Այլ բան հնարավոր չէր անել այլեւս: Նման որոշումն այդքան հեշտությամբ չի ընդունվել, ինչպես ոմանց կարող է թվալ, որոշումն ամբողջ օրվա ընթացքում օդի մեջ կախված է եղել ու փորձ է արվել սպասել քիչ թե շատ կարգավորման: Այստեղ ասում են` եկեք այդ մարդուն ասենք` թող գա, ի՞նչ ասենք այդ մարդուն: Եթե որեւէ մեկն այդ մարդուն ասելիք ուներ, թող այն ժամանակ ասեր: Ես համաձայն եմ` կատարվում է այն, ինչ այդ մարդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախապատրաստեց... Ասելիք ունեիք, այն ժամանակ ասեիք: Այն ժամանակ ասեինք` ի՞նչ ես ատելություն, սուտ, կեղծիք, վրեժ մտցնում այս մարդկանց մեջ, մեղք չե՞ն այս մարդիկ... Ի՞նչ ես 9 օր շարունակ օրենքը խախտելով` այս մարդկանց այստեղ հավաքում ու վտանգի տակ դնում: Ասելու բան ունեիք` ասեիք... Այդ ձողերը մեկը պատրաստել-բերել-բաժանել է, չէ՞: Եթե ուզում ենք լուրջ քննարկում անել, անկեղծ լինենք մինյանց հետ: Ասվում է` երկու կողմն էլ մեղավոր են, ես նման հայտարարություններ, հատկապես նման դժվար պահերին, չեմ ընդունում: Սա ուղղակի խուսափում է նշանակում: Եթե մի կողմում մի սխալ կա, եկեք այդ սխալի մասին խոսենք, եթե մյուս կողմում մի այլ սխալ կա, եկեք այդ սխալի մասին խոսենք, ոչ թե ուղղակի հավասարության նշան դնենք:

Այո, իհարկե, Հայաստանում ժողովրդավարությունը կայացած չէ, ցավոք սրտի: Այո, դժբախտաբար, այս ամբողջ ժամանակահատվածում մենք չկարողացանք հասնել այն բանին, որ ապօրինի զենք կրող մարդ չլինի այս երկրում, չկարողացանք բազմաթիվ բաներ անել, չկարողացանք ապահովել օրենքի լիարժեք գերակայությունը: Սրանք իսկապես խնդիրներ են եւ չափազանց լուրջ խնդիրներ են: Բայց ի՞նչ կապ ունի դա այն բանի հետ, որ ամբոխի միջից հրազենով կրակում են ոստիկանների վրա, սա ի՞նչ արդարացում ունի, այդ փայտերը ի՞նչ արդարացում ունեն, այդ ձողերը բռնողները կարգի՞ն մարդիկ են: Ես ամոթալի եմ համարում, եթե նման մարդկանց մենք համարում ենք մեր ժողովուրդը: Չեմ ասում, որ այնտեղ կարգին մարդիկ չկան, բայց ամեն ինչ խառնել իրար, հուզական ելույթներ ունենալ` ես դեմ եմ դրան: Բան ունենք ասելու, շիտակ ասենք: Ինչո՞ւ մեկդ չդատապարտեց այդ մարդկանց, որ այդ բաներն անում են: Ասում եք` առավոտյան էս են արել-էն են արել, չե՞ք տեսել այդ կադրերը, թե՞ այդ փայտերը պատահաբար այնտեղ հայտնվեցին, այդ նռնակներն ու զենքերը պատահաբար այնտեղ հայտնվեցին: Թե՞ կարող է այնքան միամիտ լինենք, որ մտածենք, թե հավաքների 9 օրվա ընթացքում կազմակերպիչները տեղյակ չեն եղել այդ մասին: Դա կլինի երեսպաշտություն, եթե մտածենք, որ մարդիկ այնտեղ հանրահավաք են անում եւ տեղյակ չեն այդ ամեն ինչից: Եթե մենք ազնիվ ենք եւ անկեղծ մեր ժողովրդի նկատմամբ, պիտի այս ամենի մասին խոսենք: Ասում եք` առաջնորդ են փնտրում այդ մարդիկ, ոնց 10 տարի առանց այդ առաջնորդի ապրեցին, հիմա առաջնորդ են փնտրում: Ասում եք` վստահություն չկա, ատելություն կա... Իհարկե կա այս ամենը մեր հասարակություն մի մասի մեջ, որովհետեւ շատ հաճախ անկեղծությունն ու շիտակությունն է պակասում, որովհետեւ շատ հաճախ խմբակային շահն է գործում: Սա է իրողությունը: Այդ մարդն անընդհատ հայտարարում է սուտ, կեղծ տվյալներ, այդ մարդն անընդհատ ատելության կոչ էր անում, մարդ, որ հայտարարում էր` ես դուրս կգամ այս ամեն ինչից, եթե մի մարդ չմասնակցի, այսինքն` թքած ունի ամեն ինչի վրա. երկրի վրա էլ, ապագայի վրա էլ, ժողովրդի վրա էլ: Ասում էր` ինքը գործիք է: Ու այդ խեղճ մարդկանց դարձրեց իր պարզունակ գործիքը: Դրանից ինքը չի տուժել: Իհարկե, մարդիկ կային, որոնք հրահրել ու հիմա էլ հրահրում են: Թողնենք մեծամասնությանը մի կողմ, երբ ձեր ընդդիմադիր գործընկերներին վերջին խոսքով հայհոյում էին եւ հրապարակում էին հազարավոր տպաքանակով, մի բառ ասացի՞ք` էս ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք վարկաբեկում: Մարդը չի կիսում քո հայացքները, բայց կարելի՞ է այլանդակ արտահայտություններով հայհոյել: Մի անգամ ասացի՞ք` ոնց ես հայտարարում` ով էստեղ չի կանգնած, դավաճան է, տականք է: Ասեիք մի անգամ, այդ ատելության նկատմամբ անտարբերությունն է, որ այդ մարդկանց հասցրեց այդ վիճակին: Ասում եք` մեր ժողովուրդն է, այո, ես համաձայն եմ, որ այդ հազարավոր մարդկանց մեջ կան անմեղ եւ շիտակ մարդիկ, բայց ես չեմ կարող ժողովուրդ համարել նրանց, ովքեր մեքենաներ են այրում, ովքեր հարձակվում են ոստիկանների ու զինվորների վրա, ովքեր ամեն ինչը ջարդում ու փշրում են: Մեր գործընկերների մի մասն ասում է, որ տեսել է, որ այնտեղ ձողերով մարդիկ են կանգնած, ո՞ր կարգին մարդն է փողոցում կանգնում, որ մեկի գլուխը ջարդի: Դուք կանե՞ք այդ բանը: Պիտի շիտակ լինել, պիտի անկեղծ լինել: Հուզախառն ելույթների տեղը չէ, շիտակ վերաբերմունքի տեղն է: Այստեղ հայտարարվում է` եկեք այս անենք, այն անենք, մենք հիմա մի բան ունենք անելու` քննարկել նախագահի հրամանագիրը եւ մեր վերաբերմունքը արտահայտել: Սա է մեր անելիքը եւ սա է ամենակարեւորը: Պատահական չէ, որ դա վերապահված է Ազգային ժողովին: Ուշացնել միջոցառումները, նշանակում է թույլ տալ, որ այդ 30 տոկոսն իր այլանդակությունները շարունակի մեր քաղաքում: Սա է իրականությունը: Ամեն ինչ արվել է` արդեն այլ ելք չունենալով: Ես կարծում եմ` իրավապահ մարմինները պիտի վճռական լինեն եւ պիտի թույլ չտան մեր երկրում նման բաներ: Սա ծանր հետեւանքներ է ունենալու հետագայի համար: Այդ մարդիկ հասան իրենց նպատակին` այդ մարդը եւ իր շրջապատի մի խումբ մարդիկ: Որ հետագայում նման բան չլինի, որ սա չշարունակվի, մեկ բան է պետք միայն` ազնիվ ու շիտակ վերաբերմունք այս ամենին, ոչ թե այս երկրի 17 տարվա ու 1700 տարվա բոլոր խնդիրներն ու դժվարությունները բերենք, սվաղենք ու հավասարեցնենք եւ ասենք` բոլորն էլ մեղավոր են, այնպես անենք, որ արյուն չթափվի: Արյուն չթափվելու համար պարզ ու շիտակ վերաբերմունք է պետք: Թացն ու չորն իրարից տարբերել է պետք: 9 օր մարդիկ օրենք էին խախտում, ինչո՞ւ այդ ժամանակ մեկը չգնաց այդ խեղճ մարդկանց, որ այնտեղ հավաքված էինք, խորհուրդ չտվեց, որ չի կարելի սա անել, որովհետեւ դուք օրենք եք խախտում:

Այն ինչ տեղի է ունեցել, պիտի դաս լինի եւ ընդամենը մեկ բան պետք է անել` լինել պարզ ու շիտակ, անկեղծ ու ազնիվ: Ժողովրդի նկատմամբ միշտ չէ, որ դա արել են եւ այդ պատճառով էլ սա պատահեց: Ես կարծում եմ` հանրապետության նախագահի հրամանագիրը միանգամայն տեղին է, եւ խորհրդարանը, նույնպես պատասխանատվություն կրելով երկրի եւ իրավիճակի ու ապագայի համար, պիտի անպայման իր վերաբերմունքով աջակցություն հայտնի այս հրամանագրին»:

Տիգրան Թորոսյանը նշել է, որ քանի որ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի գրավոր տեքստ որեւէ պատգամավոր չի ներկայացրել Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված կարգով եւ Ազգային ժողովի կանոնակարգի 52-րդ եւ 92-րդ հոդվածների համաձայն, ապա ՀՀ նախագահի հրամանագիրը համարվում է հավանության արժանացած եւ հատուկ նիստը համարվում է փակված:

Նույն օրը 60 պատգամավորների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ որոշում է ընդունվել նախօրեին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի ներկայացրած նախագիծը միաձայն ընդունել են նիստին ներկա բոլոր 81 պատգամավորները:

Խորհրդարանի ընդունած փաստաթղթում ասված է. - «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, անհանգստություն հայտնելով տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, դատապարտելով

- մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից, որի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մայրաքաղաքը կրել է զգալի բարոյական եւ նյութական վնաս,

- ատելության եւ չարության քարոզչությունը քաղաքական գործընթացներում,

- երկրի կայունությունը, միջազգային վարկը եւ ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,

կարեւորելով

- մայրաքաղաքում կարգուկանոնի վերահաստատումը, բնականոն կյանքի վերականգնումը,

- մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգի չեզոքացումը,

- քաղաքական խնդիրների լուծումը երկխոսության հիման վրա,

- իրավական, մասնավորապես ընտրական գործընթացներին վերաբերող խնդիրների լուծումը երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան,

- հանդուրժողականության հարգումը` որպես հասարակության մեջ պառակտումների բացառման հիմք,

Անհրաժեշտ եւ իրավաչափ է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հաստատելու մասին,

Զսպվածության եւ ողջամտության կոչ է անում մեր քաղաքացիներին այս բարդ իրավիճակը հնարավորինս արագորեն հաղթահարելու, երկիրը բնականոն ընթացքի վերադարձնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG