Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց` Գյումրիում


Գյումրիի Թատերական հրապարակում այսօր տարերայնորեն հավաքված գյումրեցիները իրենց բողոքի ձայնը հնչեցրին Երեւանում այսօր առավոտյան ընդդիմադիրների խաղաղ ցույցը ցրելիս իրավապահների կողմից բռնության, ծեծուջարդի գործադրման դեմ:

Մարդիկ վրդովված խոսում էին` առանց բարձրախոսների, պարզապես, ինչպես ասաց գյումրեցի մի կին. - «Իմացանք այսպիսի բան կա, ասացինք` գնանք, սրտներս դատարկենք»:

Մեկ այլ տարեց կին «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Սա՞ է ազատ, անկախ հայրենիքը, որ պայքարեցինք, ունեցանք»:

«Խայտառակություն է կատարվում Հայաստանում արդեն չորս ամիս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի տղամարդ: - «Սա ընտրություն չէ, մարդկանց ձեռ առնել է ուղղակի: Ժողովուրդը պետք է տեր լինի իր քվեին, իր ձայնին, իր պետությանը, իր պետականությանը»:

Մասնակիցներից մեկ ուրիշը ասաց, թե իրենք ուզում են, որ նախագահ լինի այն մարդը, որին ժողովուրդը ընտրել է. - «Ես հասկանում եմ, որ բոլորս էլ վախենում ենք մեր պաշտոնները կորցնելուց, ծեծվելուց, հետապնդվելուց: Ես նույնպես վախենում եմ: Բայց այստեղ արդեն եկել է պահը, որ մենք պիտի վախենանք մեր վաղվա օրը կորցնելու համար»:

«Ուզում են վախեցնել ժողովրդին, բայց ժողովուրդը չի վախենա, կպայքարի մինչեւ վերջ», - ասաց ցուցարարներից մի կին` շարունակելով. - «Մենք կանգնած ենք Երեւանի կողքին: Մենք Երեւանի հետ ենք»:

«Պայքար, պայքար մինչեւ վերջ», եւ «Լեւոն, Լեւոն» վանկարկելով` հավաքվածները, որոնց թիվը անընդհատ ավելանում էր, խաղաղ երթ սկսեցին Գյումրիի կենտրոնական փողոցներով:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG