Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները հանրահավաք են անցկացնում Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ


Ժամը 17-ի սահմաններում արդեն Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում` Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցուցարարները անցկացրին հերթական հանրահավաքը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը հավաքվածներից փոխանցեց, որ Հայաստանի առաջին նախագահը, վերլուծելով իրավիճակը, որոշել է, որ մարդիկ պետք է մնան Մյասնիկյանի արձանին կից տարածքում:

«Սա ամենահարմար տեղն է մնալու», - Տեր-Պետրոսյանի խոսքը մեջբերեց Փաշինյանը: - «Մանավանդ, որ իմացա, որ տրոլեյբուսներ կան, պատնեշներ կան: Եվ երկու դեսպանատների անմիջական հարեւանությամբ: Ասում է [TՏեր-Պետրոսյանը], որ եթե մենք դուրս գանք այստեղից, այսինքն` գնանք իր հետեւից, պրովոկացիաներ կլինեն: Մենք իր հետ ունենք մի պայմանավորվածություն»:

Ըստ այդ պայմանավորվածության, հարկավոր է հնարավորինս շատ մարդ հավաքել այդտեղ եւ ստեղծել պաշտպանական դիրքեր, որպեսզի չկարողանան տեխնիկա, ջրնետ մեքենաներ մտցնել հրապարակ:

Ավելի վաղ` մինչեւ հանրահավաքը սկսվելը, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հավաքվածներին հանդարտության կոչ արեց. - «Ոչ մի ավելորդ քայլ չի կարելի [թույլ տալ]: Մենք դրանով ավելի ենք վնասում մեր գործը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ում մասին լուրեր կային, թե ձերբակալված է, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ոստիկանություն ինձ չեն տարել, որեւէ հիվանդանոցում պառկած չեմ եղել... Ես հրապարակում եմ եղել` հարթակի վրա»:

Հարցին, թե ինչ են անելու, Արամ Սարգսյանը ասաց. - «Մենք կանգնելու ենք այստեղ, այստեղ կդնենք բարձրախոսները... Մշտական կապը կա նախագահի [Լեւոն Տեր-Պետրոսյանի] հետ, որոշումները կհայտարարենք»:

Իսկ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը փոքր-ինչ ուշ միացավ հավաքվածներին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք պահանջում ենք, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը գա այստեղ»:

Գնահատելով առավոտյան կատարվածը` Դեմիրճյանը ասաց. - «Ուժ կիրառվեց խաղաղ ցուցարարներին նկատմամբ: Ոստիկանությունը ասաց, թե իբր անկարգություններ էինք նախատեսվում այսօրվանից... Բացարձակապես իրականության հետ որեւէ կապ չունի: Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս նշել է, որ ո’չ շենք է գրավելու, ո’չ բռնության է դիմելու: Միայն սահմանադրական ճանապարհով»:

«Հիմա այստեղ ենք նաեւ նրա համար, որպեսզի ժողովրդին զերծ պահենք սադրանքներից: Կոչ ենք անում, որպեսզի ժողովուրդը խաղաղ, հանգիստ կանգնի», - եզրափակեց Դեմիրճյանը` հավելելով. - «Մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել բռնարարքներ իրականացրած անձանց, պահանջում ենք ազատել քաղբանտարկյալներին եւ [պահանջում ենք] նոր ընտրություններ»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG