Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը


Հայաստանի գլխավոր դատախազությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ Աժ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ այլոք, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, Երեւանի Ազատության հրապարակում, առանց ընդհատումների, կազմակերպել եւ անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ եւ կոչ արել չենթարկվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության պահանջներին: Բացի այդ՝ զանգվածային միջոցառման մի շարք մասնակիցներ ապօրինի պահել եւ կրել են ապօրինի ձեռք բերված զենք եւ ռազմամթերք։

2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ հարկադիր դադարեցնելու նպատակով ձեռնարկված գործողությունների ընթացքում, միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ զանգվածային միջոցառումները դադարեցնելու մասին օրինական պահանջներին, նախապես իրենց մոտ պահվող մահակների, մետաղաձողերի եւ այլ հարմարեցված գործիքների օգտագործմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին պատճառելով տարբեր աստիճանների ծանրության մարմնական վնասվածքներ։

Մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառման մասնակիցներ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը») 1-ին եւ 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») 1-ին եւ 2-րդ մասերի, 316-րդ հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 2-րդ մասի հատկանիշներով:

Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, կատարվում է նախաքննություն:

Տեղանքի զննությամբ հայտնաբերվել են նռնակներ, հրազեն, սառը զենք, մետաղյա ձողեր, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ իրեր:

Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են օպերատիվ-որոնողական, քննչական գործողություններ, որոնց արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG