Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես գալիս


Այսօր կայացած ասուլիսում Հայաստանի Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը հրապարակեց հետեւյալ հայտարարությունը.

«Փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը նստացույց սկսեցին Օպերայի հրապարակում եւ ձեռնարկեցին ամենօրյա ապօրինի հանրահավաքներ ու երթեր, նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում:

Հանրահավաքներում հնչում էին սադրիչ հայտարարություններ ու կոչեր: Չնայած ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումներին, որ այդ գործողությունները հակաիրավական են, նրանք շարունակում էին կոպտորեն խախտել հասարակական կարգն ու վտանգել հասարակության անվտանգությունը:

Փետրվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ցուցարարներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր մետաղյա ձողեր եւ մահակներ: Տվյալներ կային, որ մարտի 1-ին մայրաքաղաքում պետք է ձեռնարկվեն սադրիչ գործողություններ, հրահրվեն զանգվածային անկարգություններ: Նույնպիսի օպերատիվ տվյալներ էին ստացվել նաեւ Ազգային անվտանգության ծառայությունում:

Ոստիկանության աշխատակիցները, այդ նյութերն առգրավելու եւ իրավիճակը վտանգազերծելու նպատակով, ցուցարարներին կոչ արեցին համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալ: Այս կոչին անսպասելիորեն հաջորդեց նստացույցի մասնակիցների հարձակումը ոստիկանների վրա:

Ցուցարարները սկսեցին նրանց վրա նետել քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր, բռնկուն նյութերով շշեր եւ այլն: Իշխանությունը բռնությամբ տապալելու եւ իրավապահների արժանապատվությունը վիրավորող կոչեր էին հնչում: Օրինախախտների ագրեսիվությունը աճում էր:

Ստեղծված իրավիճակի անկանխատեսելիությունից եւ իրավախախտումների բնույթից ելնելով, օպերատիվ որոշում կայացվեց` օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել: Իրավախախտները սկսեցին դիմադրություն ցույց տալ մահակներով, սուր ծակող-կտրող գործիքներով, մետաղյա ձողերով:

Բախման հետեւանքով ոստիկանների մեջ կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Անկարգության կազմակերպիչների ու մասնակիցների մի մասը բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ: Կան ձերբակալվածներ:

Կազմակերպիչներից ոմանք դիմել են փախուստի: Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում անկարգությունների մասնակիցներին եւ դրդողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն` բերման ենթարկվածների ինքնությունը ճշտելու եւ պատասխանատվության հարցը լուծելու նպատակով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ընթանում են խուզարկություններ:

Զննությամբ Օպերայի հրապարակում հայտնաբերվել է 2 հատ ձայնալուսային նռնակ, 10 հատ Ֆ-1, ՌԳ-42, ՌԳԴ-5, ԱՊ-92 տեսակի նռնակներ` պայթուցիչներով, ՏՏ ատրճանակ` 1 հատ, իսպանական արտադրության «Աստրա» ատրճանակ` 1 հատ, չեխական արտադրության, 6,35 մմ տրամաչափի ատրճանակ` 1 հատ, ավտոմատի լիցքավորված պահունակ` 2 հատ, մեկ հատ 200 գրամանոց տրոտիլային պայթագլանիկ, ՄՈՒՎ հարվածային մեխանիզմ` 1 հատ, 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ` 25 հատ, կարաբինի փամփուշտ` 25 հատ, մեկ տուփ` 30 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, գազի բալոն` 13 կգ կշռով, վրան գրված` «քլորոդիքլոմեթան», մեծ քանակությամբ երկաթե ձողեր, փայտե մահակներ, երկու հատ ներարկիչ` օգտագործված, 48 հատ «տրիստալին» տեսակի հոգեմետ դեղահաբ, 10 հատ «ցիկլադոլ», մի քանի տասնյակ, երկաթե ամրաններից պատրաստված «ոզնիներ», մեկ կանիստր բենզին եւ դյուրավառ հեղուկով շշեր:

«Հանրապետություն» կուսակցության գրասենյակի մոտ հայտնաբերվել է «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա` բարձված մեծ քանակությամբ փայտե մահակներով եւ մետաղյա ձողերով: Մեքենայի մեջ հայտնաբերվել են նաեւ այլ պետհամարանիշներ: Միջոցներ են ձեռնարկվում վարորդի ինքնությունը ճշտելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է, որ իրավիճակը մայրաքաղաքում լիովին վերահսկվում է, արվում է առավելագույնը անկարգության կազմակերպիչներին արագորեն հայտնաբերելու եւ պատասխանատվության կանչելու, անկարգությունների հետեւանքները շուտափույթ վերացնելու համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ով է ղեկավարել գործողությունը, Շիրինյանը պատասխանեց. - «Ոստիկանությունը բացարձակապես որեւէ օպերացիա իրականացնելու նպատակ չի ունեցել»:

Հիվանդանոց տեղափոխված ցուցարարների մասին Սայաթ Շիրինյանը ասաց. - «Այս պահի դրությամբ դեռեւս ամբողջական տվյալներ մենք չունենք: Իհարկե, կլինեն այդ կարգի մարդիկ... Բայց ասեմ, որ անհամեմատ ավելի շատ վիրավորվել են ոստիկանության ծառայողները»:

Շիրինյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե քանի իրավապահ է վիրավորվել. - «Հիմա դեռեւս ամբողջական տվյալներ չունենք»:

Նրա խոսքով, ձերբակալվածների եւ բերման ենթարկվածների թիվը «մեկ տասնյակից ավելի է»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG