Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հաղորդագրությունը


Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը մամլո հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Սույն թվականի մարտի 1-ին, առավոտյան ժամը 6:45-ին, ներքին զորքերի ստորաբաժանումները մահակներով, վահաններով եւ էլեկտրաշոկերով զինված, առանց զգուշացնելու հարձակվեցին Ազատության հրապարակում նստացույց անող շուրջ 4 հազար ցուցարարների վրա։ Նստացույցի մասնակիցների մեջ կային ծերեր, կանայք, նաեւ երեխաներ, քանի որ շատերը նստացույցին մասնակցում էին ընտանիքներով։ Այդ պահին մարդկանց մեծ մասը քնած էր վրաններում։ Չնայած մոտ 20 րոպե ցուցարարների՝ մերկ ձեռքերով ցույց տված դիմադրությանը, վայրենաբար գործող զինվորներին հաջողվեց դաժան ծեծուջարդի, էլեկտրաշոկի եւ արցունքաբեր գազի միջոցով մարդկանց դուրս քշել հրապարակից եւ հիմնահատակ ավերել վրանային ավանը։ Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններն առայժմ ճշտվում են։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ։

Այդ պահին հրապարակում գտնվող եւ ժողովրդին ու զինվորներին սթափության կոչ անող Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջափակվել է գործող նախագահի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի գլխավորած մի խմբի կողմից, որոնք նրանից պահանջել են լքել հրապարակը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ հայտարարելով, որ իր տեղը Ազատության հրապարակն է, եւ ինքը ոչ մի տեղ չի գնա։

Շուրջ երկու ժամ նա հրաժարվել է կատարել հրապարակից հեռանալու պահանջը, որից հետո նրան ձերբակալել եւ բռնի ուժով տեղափոխել են իր բնակարան։ Նրա բնակարանն այժմ շրջափակված է զինվորներով, որոնք հայտարարում են, որ իրենց հրամայված է ոչ մեկին թույլ չտալ ներս ու դուրս անել, այսինքն՝ Առաջին նախագահը գտնվում է տնային կալանքի մեջ։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Ժամը 11-ին հրավիրել է մամուլի ասուլիս»։

Շտաբը տեղեկացնում է նաեւ, որ «Ա1+» լրատվականի շենքը շրջապատված է ոստիկանության կողմից, եւ լրագրողները հնարավորություն չունեն շենքից դուրս գալու եւ ներս մտնելու»:

«Ա1+» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը կեսօրին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Վերնիսաժ» տոնավաճառի շրջակայքը շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով:

«Բուզանդի 1/3 շենքի առաջին հարկում ոստիկաններ են լցված եւ մեզ չեն թողնում շենքից դուրս գալ, մեքենայով տեղ գնալ, որովհետեւ փակված է: Ոտքով կարող ենք դուրս գալ, բայց որ տեսախցիկ են տեսնում` տեսաժապավեններն են վերցնում, տեսախցիկներն են ջարդում: «Ա1+»-ի կատարած նկարահանումների տեսաերիզները ոստիկանության աշխատակիցները հավաքել են», - ասաց Մովսիսյանը:


Կարինե Քալանթարյան


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG