Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիան ուժի գործադրմամբ ցրվել է


Այսօր առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում ոստիկանները հարձակվել են Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների վրա եւ մոտ մեկ ժամվա ընթացքում ազատել հրապարակը: Ականատեսների վկայությամբ` իրավապահներն օգտագործել են մահակներ, արցունքաբեր գազ եւ էլեկտրաշոկ: Հաղորդվում է, որ ակցիան գլխավորող Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է, կան ձերբակալվածներ:

Առավոտյան ժամը 8:00-ից հետո Լեւոն Տեր-֊Պետրոսյանը դեռ Ազատության հրապարակում էր` կանգնած էր հարթակից մոտ 30 մետր ներքեւ, պետական պահպանության ծառայության իր թիկնապահներով շրջապատված: Հրապարակում դիրքավորված էին կարմիր բերետավորներ, ոստիկաններ, ոմանք նաեւ` վահաններով ու մահակներով, եւ ավտոմատներով մի քանի տասնյակ հատուկ ծառայության գնդից: Այնտեղ էին պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանը, ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը, որոնք ասացին, թե Տեր-֊Պետրոսյանը ձերբակալված չէ. - «Այնտեղ կանգնած է, տեսեք»: Նրանք պնդեցին, որ միջանցք են բացել՝ հարթակից Տեր-Պետրոսյանի ապահով իջնելու համար, ինչպես նաեւ ասացին, որ ոստիկանության հոսպիտալում երկու տասնյակ վիրավոր կա ծառայողներից, որ մարդիկ նրանց հարվածել են խոշոր քարերով ու մետաղյա ձողերով:

Լեւոն Տեր֊-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց. - «ժողովուրդը հանգիստ քնած, եկան էս հսկայական զորքով, մահակներով սկսեցին ծեծ ու ջարդ, ես էդ պահին միկրոֆոնի մոտ էի, ժողովրդին կոչ էի անում հանգստության: Սկզբից միանգամից չսկսեցին, շարք կազմեցին, կանգնեցին ժողովրդի առջեւ, կոչ արեցի, որ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, զսպվածություն, հանգիստ, տեսնենք` ինչ են ուզում: Բայց ոչ ոք մեզ ոչինչ չասաց, ոչինչ չբանակցեց, միանգամից սկսեցին հարձակվել ժողովրդի վրա՝ մահակներով, էլեկտրաշոկերով»:

Նրա վկայությամբ` ժողովրդի մեջ «շատ, շատ տուժածներ կան, հիմա տարբեր կողմեր ցրված են, այստեղ շտապօգնության մեքենաներ էլ կային, մի մասին երեւի արդեն տարել են հիվանդանոցներ»:

«Եղավ դիմադրություն ժողովրդից նաեւ, այդպես չէր, որ հանձնվեցին, երկու կողմից էլ գուցե կան, չգիտեմ, վիրավորներ, իսկ ինձ հարթակից հենց ամենաառաջին պահին Ռոբերտ Քոչարյանի ապահովության գնդի ... պետական պահպանության ծառայության գնդի հրամանատար Գրիշա Սարկիսյանը՝ իր մարդկանցով, փաստորեն իմ թեւերը ոլորելով ձերբակալեց, բերեց այստեղ, հենց հիմա ես ձերբակալված եմ»:

Միաժամանակ, նա հաստատեց, որ իր թիկնապահները եւս այդ ծառայությունից են. - «Իմ թիկնապահները այդ ծառայությունից են, իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին: Նրանք փայլուն կատարեցին իրենց գործը, ինձ ոչ ոք չկարողացավ բան անել, բայց ինձ բռնի ուժով հարթակից հանել են, երբ ես ժողովրդին հանգստության, հանդարտության կոչ էի անում»:

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն ձերբակալված է համարում. - «Ոովհետեւ իմ ազատությունը սահմանափակված է, ինձ հրավիրում են դուրս»:

«Սա իմ հրավիրած հանրահավաքն է, եթե որեւէ մեկը հանցանք է գործել, կամ իրենք համարում են, որ հանցանք է գործել, դա ես եմ կազմակերպել, ինձ հետ պիտի խոսեին: Ինձ հետ չեն խոսել: Հիմա ինձ հրավիրում են դուրս: Ես ասացի՝ չեմ գնա այստեղից, մինչեւ ինձ ձեռնակապեր չհագցնեն: Պահանջել եմ, խնդրեմ, [գլխավոր դատախազ] Աղվան Հովսեփյանից սանկցիա բերեք, ձերբակալեք, տարեք: Ոչ մի փաստաթուղթ»:

«Իրավաբանորեն ձերբակալված չեք», - այս հարցադրմանը նա հակադարձեց. - «Ես ինձ հայտարարում եմ ձերբակալված: Ես չեմ դուրս գալու, այստեղից ինձ կհանեն ձեռնակապերով»:

«Հնարավո՞ր է, որ այս ամենը երեկվա վիճաբանության արդյունք լինի: Երեկ ոստիկանների հետ վիճաբանություն է եղել», - այս հարցին Տեր-Պետրոսյանը արձագանքեց. -֊ «Այդպիսի մանր բաների՞ց: Ի՞նչ պատկերացում ունեք էս պետության մասին: Սա Ռոբերտ Քոչարյանի սենյակում ծրագրված, արդեն շաբաթներ որոճվող գաղափար էր, որովհետեւ նրանք սարսափում էին ժողովրդի այս ակտիվությունից, ճշմարտությունից, որ հրապարակվում էր այստեղ, իսկ եթե ծրագիր ու մտադրություն կա, ամեն պատրվակ կարող էին գտնել: Չեմ բացառում, որ այդ հրմշտոցն իրենց պրովոկատորների եւ իրենց միջեւ է եղել: Այսինքն, թատրոն սարքեցին»:

Նա վկայեց, որ «ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի հատուկ տեխնիկա չի օգտագործվել. ձեռքներին կային էլեկտրաշոկեր եւ մահակներ»:

Հարցին, թե օգտագործվե՞լ է էլեկտրաշոկը, Տեր-Պետրոսյանը պատասխանեց. ֊- «Չգիտեմ, մենք հեռու էինք, բայց որ կայծեր գալիս էին, մենք տեսել ենք»:

Իսկ թե որոնք են լինելու իր հաջորդ քայլերը` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. ֊- «Հստակ են. ես արդեն նախագահ եմ, մի շաբաթից սրանք կհեռանան: Այս բռնությունը աշխարհը չի ների: Չի ների: Երբ ամեն ինչ օրինական ընթացքի մեջ էր, Սահամնադրական դատարան էինք դիմել: Սա եւս մի անգամ ապացուցեց, որ ես եմ հաղթել, եւ Ռոբերտը... Սերժ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել: Երեկ դիմումը կար: Ես ընտրական ընթացքի մեջ եմ, ունեմ իմ անձեռնմխելիությունը, ինչ ունեցել եմ»:

Իր աջակիցներից մի մասի վերաբերյալ նա տեղեկություններ ուներ, մի մասի վերաբերյալ` ոչ:

Ավելի ուշ Տեր-Պետրոսյանը արդեն հրապարակում չէր: Ժամը 11:00-ին նա իր առանձնատանը ասուլիս է սկսել:


Ռուզան Խաչատրյան, Հովհաննես Շողիկյան


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG