Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-֊ում ԱՄՆ֊-ի առաքելությունը կոչ է արել Հայաստանի կառավարությանը եւ ընդդիմությանը պահպանել խաղաղ իրավիճակը


ԵԱՀԿ-֊ում ԱՄՆ֊-ի առաքելությունը ողջունել է Հայաստանի կառավարության եւ ընդդիմության ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել խուսափել բռնությունից, եւ կոչ է արել պահպանել խաղաղ իրավիճակը:

«Մենք ողջունում ենք ե’ւ Հայաստանի իշխանություններին, ե’ւ ընդդիմությանը` երկու առաջատար թեկնածուների օգտին լայնածավալ քաղաքական հանրահավաքների շրջանակներում բռնության ցանկացած փորձից հաջողությամբ խուսափելու համար: Հանրահավաքների ազատ անցկացման իրավունքի այս խաղաղ կենսագործումը` մարդկանց մեծաթիվ խմբերի արդյունավետ, ոչ բռնի կառավարման հետ մեկտեղ, նշանակալի նվաճում է եւ ժողովրդավարական առաջընթացի նշան: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին երաշխավորել այս խաղաղ իրավիճակի շարունակումը», - ֊ ասված է ԵԱՀԿ-֊ում ԱՄՆ֊-ի առաքելության` չորեքշաբթի օրը Վիեննայում հրապարակած հայտարարության մեջ:

Փաստաթղթում շեշտվում է. - «Միացյալ Նահանգները դրական է գնահատում Հայաստանի որոշումը` իրական ջանքեր գործադրել նախորդ ընտրություններում արձանագրված բացթողումները, այդ թվում օրենսդրական դաշտի թերությունները շտկելու համար: Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը` համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ այս ընտրություների դիտարկման գործընթացում»:

Միաժամանակ ԵԱՀԿ֊-ում ԱՄՆ-֊ի առաքելությունը փաստում է. - «Մենք պետք է նաեւ ընդունենք, որ այս ընտրությունները շատ հեռու էին կատարյալ լինելուց: Թեեւ ընտրական գործընթացի կառավարումը հիմնականում համապատասխանեց ԵԱՀԿ-ի չափանիշներին, այդուամենայնիվ, ԵԱՀԿ-ի հիմնական պարտավորությունները` ժողովրդավարական ընտրությունների ծրագրման եւ իրականացման առումով, Հայաստանում մնացին չկատարված, ինչպես նշված է ԵԱՀԿ-ի նախնական զեկույցում: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին արձագանքել այս մարտահրավերներին»:

«Ընտրությունների հաջորդ օրը` միջազգային այլ դիտորդների հետ, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ուշադրությամբ քննել են դիտորդների` այդ թվում նաեւ մեր սեփական, ինչպես նաեւ ընդդիմադիրների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիտարկումները: Մտահոգությունները հիմնականում վերաբերում էին հետեւյալ ոլորտներին. քվեարկությունից առաջ իշխանության թեկնածուի նկատմամբ նպաստավոր վերաբերմունքը, այդ թվում` քարոզարշավին պետական ծառայողների ներգրավումը, քվեատուփերի լցոնման դեպքերը, քվեների գնման, բազմակի քվեարկության եւ ընտրողների նկատմամբ սպառնալիքի կիրառումը, որոշ շրջաններում մասնակցության անսովոր բարձր աստիճանը, ինչը որոշ դեպքերում կարող է խախտումների մասին վկայել»,֊ - նշված է հայտարարության մեջ:

«Վերջերս մտահոգիչ խախտումներ արձանագրվեցին որոշ ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի նշած մամուլի ազատության սահմանափակման հետ կապված»:

«Մեզ շատ մտահոգում են հետընտրական փուլում ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններն ու իշխանությունների կողմից ընդդիմության գրասենյակները բռնի ուժով փակելու մասին հաղորդումները: Այսօրինակ գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին, եւ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը այս դեպքերի առնչությամբ հիմնվել օրենքի իշխանության ու միջազգային ժողովրդավարական չափանիշների վրա»:

«Այսպիսի իրական եւ որպես այդպիսին ընկալված խախտումների պատճառով, մենք մնում ենք մտահոգված այն հանգամանքով, որ հայաստանյան ընտրազանգվածի շրջանում սեփական ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ցուցանիշը մնում է վտանգավոր աստիճանի ցածր»:

«Մենք քաջալերում ենք Հայաստանի իշխանություններին թափանցիկ, արագ հետաքննության ենթարկել բոլոր բողոքները` որպես ընտրական գործընթացի բարեփոխումների եւ հասարակության վստահության վերականգնման գործընթացի մաս»:

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ջանքերին` գրանցել իր կողմից ստացված բողոքները, եւ սպասում ենք ընտրությունների վերաբերյալ նրանց միջանկյալ եւ վերջնական զեկույցներին ու հանձնարարականներին: Միացյալ Նահանգները պատրաստակամ է այստեղ եւ Երեւանում աշխատել բոլոր կողմերի հետ` այս խնդիրների լուծման ուղղությամբ»,֊ - ասված է ԵԱՀԿ֊-ում Միացյալ Նահանգների առաքելության հայտարարությունում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG