Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարեց Գյումրիի քաղաքապետարանի հայցը ընդդեմ ԳԱԼԱ հեռուստաընկերության


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարեց Գյումրիի քաղաքապետարանի հայցը ընդդեմ «Չափ» ընկերության, որի մեջ է մտնում ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, եւ մերժեց ընկերության հակընդդեմ հայցը ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի:

Անցած տարվա հոկտեմբերի 14-ին ԳԱԼԱ հեռուստաընկերության եթերում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ամբողջությամբ ցուցադրելուն հետեւեցին նախ հարկային ստուգումները, իսկ հետո` Գյումրիի քաղաքապետարանի հայցը, որով պահանջում էր համայնքի սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակից ապամոնտաժել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը պատկանող հեռարձակման սարքավորումները:

Դատավոր Արմեն Խաչատրյանի հրապարակած վճիռը պարտավորեցնում է «Չափ» ընկերությանը ապամոտաժել ինչպես դեցիմետրային անտեննան, այնպես էլ հեռարձակումն ապահովող մյուս սարքավորումները:

Ավելի ուշ ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք դիմելու են Վերաքննիչ դատարան:

«Միանշանակ դատարանը որոշելու է մեր օգտին», - հավելեց Խաչատրյանը` փաստարկելով. - «Մեր գործը արդար է: Արդարությունը մեր կողմն է»:

Նա ասաց, որ դատարանի վճիռը իրենց համար անակնկալ չէր. - «Ամենասկզբից պարզ էր, որ դատավորը կաշկանդված է եւ ունի հրահանգ, որպեսզի դատավարությունը ավարտի շատ շուտ ժամկետներում: Դատավորը պատվեր էր կատարում»:

«Աշտարակը չենք տալու», - շարունակեց Խաչատրյանը: - «Այդ աշտարակից ենք եթեր հեռարձակվելու»:

Նա ասաց, որ կապ է տեսնում ընտրությունների ընթացքը լուսաբանելու եւ արագացված դատավարություն կազմակերպելու մեջ. - «Ընտրությունների օրը մենք լուսաբանեցինք բոլոր այն խախտումները եւ այն կեղծիքները, որոնք տեղի էին ունեցել, եւ հենց ամսի [փետրվարի] 21-ից քաղաքապետարանը դիմել էր արդեն արագացված դատավարություն կազմակերպելու հայցով»:

ՀԱԼԱ հեռուստաընկերության սեփականատիրոջ պնդմամբ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «շատ վատ է աշխատել Սերժ Սարգսյանի համար». - «Եվ այդ ամեն ինչը վերագրել է ԳԱԼԱ-ին, որ ԳԱԼԱ-ն խոչընդոտել է հանդիսացել, եւ ստացել է այդ դաբրոն, որ արագ այս հարցերը լուծել»:

Սերժ Սարգսյանը Գյումրիում ստացել է ընտրողների ձայների մոտ 38 տոկոսը:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG