Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնում ընտրական գործընթացների վերաբերյալ


Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր տարածել են հայտարարություն, որով իրենց «խորին մտահոգությունն են հայտնում 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ»:

Հայտարարությունը ստորագրած «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Հայաստանի հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Երեւանի մամուլի ակումբը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Ինտերնյուս»-ը եւ այլ կազմակերպությունները հայտարարել են, որ անցած «ընտրությունները չեն իրականացվել ժողովրդավարական արժեքների եւ գործընթացների վերաբերյալ մեր ունեցած պատկերացումներին համահունչ»:

Այսօր հրավիրած ասուլիսում նշված կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիտարկումները` շեշտելով, որ չեն հարում որեւէ քաղաքական ուժի:

Ցուցադրվեց Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը ընտրությունների վերաբերյալ` մարդկանց կուտակումներ միկրոավտոբուսների եւ Սերժ Սարգսյանի շտաբների շուրջ, մարդկանց խոստովանություններ ընտրակաշառք վերցնելու կապակցությամբ, եւ այլն:

«Նման նյութերի ծավալը հսկայական է», - ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: - «Ուսումնասիրելով այս ամենը, մեր կազմակերպությունը գնահատում է, որ բոլոր ընտրախախտումների (ներառյալ վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքների զանգվածայնությունը, ընտրատեղամասերում զանազան խախտումները, ճնշումները վստահված անձանց վրա) հանրագումարը այնքան մեծ ծավալ է կազմում, որ մեր կազմակերպությունը չի կարող ընդունել քվեարկության արդյունքների վավերականությունը»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասաց, որ ինքը չի ճանաչում 1995 թվականից ի վեր Հայաստանում կայացած որեւէ ընտրություն:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Ամալյա Կոստանյանը ասաց, որ իրենք այս տարվա հունվարից մոնիտորինգ են անցկացրել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում` կապված թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման հետ: Եվ մոնիտորինգի նախնական արդյունքներով` թույլատրված 70 միլիոն դրամի սահմանը գերազանցել են թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբների կողմից: Նրանք ծախսել են համապատասխանաբար 92,7 եւ 86,5 միլիոն դրամ:

Կոստանյանը խոսեց նաեւ ընտրախախտումների մասին. - «Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք առնվազն ԳԱԼԱ-ի կողմից ֆիքսված այս կադրերը, որովհետեւ այս բոլոր տարիների ընթացքում մարդիկ ահազանգում, բողոքում են, բայց վախենում են վկա լինել»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեց լրատվամիջոցների գործունեության մասին` ասելով. - «Երբ մրցակցային ընտրություն է լինում, լրատվամիջոցների գործունեությունը ուղղակի խայտառակ է... Այդ կարգի լուսաբանման պայմաններում առողջ երկիր եւ առողջ հասարակություն հնարավոր չէ ունենալ»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG