Մատչելիության հղումներ

logo-print

Թիվ 9/31 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման


Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր երկու տարվա ազատազրկման է դատապարտել թիվ 9/31 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին:

Դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար Էդուարդ Աղաջանյանին ներկայացված մեղադրանքը:

Աղաջանյանն ընդունել է ներկայացված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննություն, որի դեմ մեղադրող կողմը չի առարկել:

Դատարանի այսօրվա դատավճռով Էդուարդ Աղաջանյանը հանցավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 150 հոդվածով, որով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու համար սահմանված է 3-ից մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ Քրեադատավարական օրենսգրքի համաձայն, եթե անձը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը եւ դիմում է արագացված դատաքննություն կիրառելու խնդրանքով, նախկինում էլ դատված չի եղել, հնարավոր է սահմանվածից մեղմ պատժի կիրառում:

Թիվ 9/31-ը այն ընտրատեղամասն է, որտեղ հայտնաբերվել էին աղաղակող ընտրակեղծիքներ, մասնավորապես, այլ թեկնածուների օգտին տրված քվեաթերթիկների հաշվին գրեթե կրկնակի ավելացվել էր Սերժ Սարգսյանի քվեների թիվը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG