Մատչելիության հղումներ

Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ընտրություններից հետո երկրում ստեղծված լարվածության մեղմացման ուղիներ է առաջարկում:

Առճակատումը, տրոհումը, անհանդուրժողականությունը խնդիրներ լուծելու ճանապարհ չեն։ Ընդհակառակը՝ ներկա վիճակի ձգձգումը խորացնում է անվստահությունը, բաժանում է մեր քաղաքացիներին. արդյունքում՝ թուլանում է երկիրը։

«Առաջարկում եմ բանակցությունների այնպիսի օրակարգ, որը կարող է մեղմել լարվածությունը, համաձայնության հանգեցնել եւ երկրում ժողովրդավարացման խորքային գործընթացի նոր սկիզբ դնել: Առաջին՝ համախոհությամբ ընտրական այնպիսի նոր համակարգի ձեւավորում, որը կբացառի բոլոր տեսակի ընտրախախտումների հնարավորությունը, կտրուկ կբարձրացնի սեփական կամքով իշխանություն ձեւավորելու ժողովրդի ինքնավստահությունը։ Ձեւերից մեկը, օրինակ, ընտրական համակարգի լիարժեք ինքնուրույնությունն ու անկախությունն ապահովելն է»,֊ - ասված է հայտարարության մեջ:

«Երկրորդ՝ երկրում իրական բազմակարծության, խոսքի ազատության պայմաններ ստեղծել։ Առաջին քայլը, օրինակ, կարող է լինել, քաղաքական ուժերի համախոհությամբ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստատեսության ղեկավարության ձեւավորումը»։

«Երրորդ՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որ ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքներ ապահովվեն։ Այս առումով՝ բազմաթիվ քայլերից մեկը Ազգային ժողովի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելը կարող է լինել»։

«Իբրեւ քաղաքացի, իբրեւ ազգային կուսակցության ներկայացուցիչ՝ ես առաջարկում եմ կենտրոնանալ այս խնդիրների վրա, ազդեցիկ քաղաքական ուժերի ընդգրկումով բանակցություններ սկսել՝ հրաժարվելով մաքսիմալիզմից եւ ոչ մի տեղ չտանող առճակատումից», -֊ եզրափակել է Վահան Հովհաննիսյանը։


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG