Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով. «Ապագա կառավարությունը կոալիցիոն է լինելու»


Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը այսօր հայտարարեց, որ արդեն մի քանի քաղաքական ուժեր արձագանքել են համագործակցության մասին Սերժ Սարգսյանի առաջարկին:

«Արդեն կան մի քանի արձագանքներ», - լրագրողներին ասաց Շարմազանովը: - «Այսօր ես տեղեկացա, որ ե’ւ Դաշնակցության ներկայացուցիչ պարոն Ռուստամյանն է շատ նորմալ գնահատել պարոն Սարգսյանի առաջարկը. ե’ւ Արտաշես Գեղամյանը: Մի շարք այլ քաղաքական գործիչներ: Այսօր «Օրինաց երկիր»-ն է քննարկում»:

«Բոլոր քաղաքական պորտֆելները քննարկվում են լուրջ միջավայրում եւ միայն երբ կիմանանք, թե որ քաղաքական ուժերը եւ որ քաղաքական գործիչներն են արձագանքում, այդ ժամանակ նաեւ կտեսնենք, թե ինչպիսի վերջնական տեսք ստացավ այդ քննարկումը», - հավելեց նա:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սկզբունքային է արդյոք ՀՀԿ-ի համար վարչապետի պաշտոնը պահպանելը, Շարմազանովը ասաց. - «Մենք այն կուսակցությունն ենք, որը ամեն գնով չի ցանկանում պահպանել իշխանությունը: Մեզ համար իշխանությունը գերնպատակ չէ: Մեզ համար իշխանությունը միջոց է, որպեսզի մենք լուծենք այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են մեր ազգի եւ պետականության առջեւ: Մեզ համար սկզբունքային է, որպեսզի ապահովվի մեր երկրի զարգացումը»:

Շարմազանովը եւս մեկ անգամ հնչեցրեց, որ փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը ազատ, արդար, թափանցիկ ընտրություններում ընտրվել է Հայաստանի նախագահ, եւ «ընդդիմությանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այլ բան չի մնում, քան համակերպվել դրա հետ»:

Հարցին, թե կարող է երաշխավորել, որ Ազատության հրապարակում հավաքվածների նկատմամբ ուժ չի կիրառվի, ՀՀԿ-ի խոսնակը արձագանքեց. - «Յուրաքանչյուր պետականության խնդիր է նաեւ հասարակական կարգի պաշտպանությունը: Մեր Սահմանադրությամբ ինչպես ամրագրված է մարդու հիմնարար ազատությունը, այնպես էլ ամրագրված է հասարակական կարգի պաշտպանությունը: Ի վերջո, մենք պետք է ազատությունը տարբերակենք անկարգությունից... Եվ պետք է պետությունն էլ կարողանա լուծել իր անվտանգության խնդիրները` անկախ նրանից, թե այդ անվտանգության հիմնախնդիրները արտաքի՞ն են, թե՞ ներքին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG