Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հանդիպել է Ադրբեջանի ղեկավարության հետ


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան այսօր Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Ալիեւի հետ Կաներվայի հանդիպման ժամանակ քննարկվել են ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ադրբեջանի արտգործնախարարի հետ ԵԱՀԿ-ի գործող նախագահը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ աշնանը Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր:

Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Մամեդյարովը, մասնավորապես, փոխանցել է. - «Ֆինլանդիայի արտգործնախարարը նշեց, որ հակամարտության կարգավորումը տեղի է ունենում ԵԱՀԿ-ի շրջանակներում, այդ իսկ պատճառով իր առաջին այցերից մեկը նա կատարել է մեր տարածաշրջան: ԵԱՀԿ-ի նախագահը ընդգծեց, որ հակամարտությունը, միանշանակ, պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը, իր հերթին, հայտարարել է. - «ԵԱՀԿ-ն պետք է շարունակի ամբողջովին սատարել Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները, եւ դա ինձ համար առաջնայնություն է: Ուրախացնում է այն, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունները ցույց են տվել բանակցությունները շարունակելու քաղաքական կամք: Կարեւոր է շարունակել եւ արագացնել բանակցությունները, քանի որ այդ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով»:

APA գործակալության փոխանցմամբ, Իլկա Կաներվան հրաժարվել է պատասխանել 16 տարի առաջ Խոջալուում տեղի ունեցածը միջազգային դատարանում քննելու հնարավորության վերաբերյալ լրագրողի հարցին` ընդգծելով, որ այդ մասին տեղեկատվության չի տիրապետում:

Ադրբեջանը պնդում է, որ 1992 թվականի փետրվարի լույս 26-ի գիշերը հայկական ուժերը Խոջալուում սպանել են 613 խաղաղ բնակչի, իսկ 1275-ին պատանդ են վերցրել: Հայկական կողմը հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG