Մատչելիության հղումներ

Տուգանային հրապարակ են տարվել հանրահավաքի մասնակիցների ավտոմեքենաները


Այսօր Ազատության հրապարակի շրջակայքում կայանված են մեծ թվով ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաներ: Իսկ հրապարակի մերձակայքից մեկնող մի քանի ավտոմեքենա արդեն տարվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Այս տեղեկությունը հաստատեցին արդեն տուգանային հրապարակում գտնվող ավտոմեքենաների տերերից երկուսը:

«Ազատության հրապարակի միտինգավորներից եմ ես», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Արթուր Գասպարյանը: - «Նստեցի մեքենաս, մեկ խաչմերուկ անցա, պետավտոտեսչությունը կանգնեցրեց, մեքենան ուղղակի առեւանգեց ու տարավ»:

Գասպարյանի խոսքով, Ազատության հրապարակի մոտ ինքը մեքենան թույլատրված վայրում էր կայանել: Այդտեղից շարժվելուց հետո պետավտոտեսուչները մեքենան կանգնեցրել են «Անի» հյուրանոցի մոտ. - «Ոչ մի խախտում չկարողացան արձանագրել: Ասացին` ուղղակի հրաման է. պետք է քո մեքենան տարվի տուգանային հրապարակ»:

Նրա խոսքերով, որեւէ արձանագրում չի կազմվել:

Տուգանային հրապարակ տարված մեկ այլ ավտոմեքենայի տերը` Վահե Բոյաջյանը «Ազատություն» ռադիոկայանին զանգահարեց հենց տուգանային հրապարակից: Ազատության հրապարակից դուրս գալուց հետո նրա ավտոմեքենան կանգնեցվել էր Աբովյան փողոցում: Վահե Բոյաջյանի խոսքով, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իրեն ասել էին, որ ինքը խախտում չի կատարել, եւ մեքենան տարվում է հրապարակ զննման նպատակով:

«Մեքենան տարան պետավտոտեսչության տուգանային հրապարակ: Մեքենան կալանեցին, որ պիտի զննվի», - ասաց Բոյաջյանը: - «Թե ով պիտի զննի, երբ պիտի գան այդ զննողները... որեւէ մեկը ոչինչ չասաց... Ասացին` պարզ կլինի օրվա երկրորդ կեսին, երբ գա ղեկավարությունը»:

Ըստ Վահե Բոյաջյանի, քիչ անց իրենց մոտեցել էր ճանապարհային ոստիկանության մի աշխատակից ասել. - «Մինչեւ Օպերայից բոլոր մեքենաները դուրս չգան, այդ մեքենան դուրս չի գա հրապարակից»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG