Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյանը կալանավորված է


«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կալանավորված է եւ գտնվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

«Արամ Կարապետյանին մեղսագրվում է արարք` Քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, որում, բնականաբար, Կարապետյանը իրեն մեղավոր չի ճանաչում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Նոր ժամանակներ»-ի ղեկավարի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: - «Կարապետյանը մեղադրվում է իբրեւ թե գիտակցաբար կեղծ տեղեկություններ իրավապահ մարմիններին տրամադրելու մեջ»:

«Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը լսեց, ընդ որում` երկար քննություն տեղի ունեցավ, լսեց թե’ քրեական հետապնդում իրականացնող մարմնի, եւ թե’ մեր միջնորդությունները: Բավական լուրջ քննարկում ծավալվեց, որի արդյունքում դատարանը համաձայնեց քննիչի միջնորդությանը եւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն», - հայտնեց փաստաբանը` հավելելով, որ իրենք մտադիր են բողոքարկել որոշումը քրեական գործերով վերաքննիչ դատարան:

Կարապետյանը ձերբակալվել է փետրվարի 24-ին: Քննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG