Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմության ներկայացուցիչները Ազատության հրապարակում բռնել են ԱԱԾ-ի երկու աշխատակիցների


Երեկ երեկոյան` ժամը 23:00-23:30-ի սահմաններում, Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի անվտանգությունը հսկող անձինք բռնել են երկու երիտասարդի` պնդելով, թե նրանք փորձում էին սադրանքներ հրահրել եւ մարդկանց կոչեր անելով դրդել իշխանությունների դեմ բռնի գործողությունների:

Ըստ հանրահավաքի անվտանգությունը հսկող անձանց, այդ երիտասարդները ընդունել են, որ հանդիսանում են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, եւ որ իբր իրենց այնտեղ է ուղարկել անձամբ ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը:

Այդ երիտասարդներին անմիջապես տեղափոխեցին մոտակայքում գտնվող մի սրճարան, որտեղ այդ պահին գտնվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը` իր համախոհների հետ: Այնտեղ հրավիրվեցին նաեւ Ազատության հրապարակում գտնվող բարձրաստիճան ոստիկաններ, որոնք տեղյակ պահվեցին այդ միջադեպի մասին եւ անմիջապես, հենց սրճարանից, այդ երկու երիտասարդներին տարան անհայտ ուղղությամբ:

Երիտասարդներին հանրահավաքի կազմակերպիչները տեղում խուզարկեցին եւ հայտնաբերեցին գաղտնալսման սարքեր:

Տեղի ունեցածի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Երեկ ուշ երեկոյան ապօրինի հանրահավաքի մասնակիցները բռնել են Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրեւ «սադրիչներ», հետագայում ազատելով նրանց:

ՀՀ ԱԱԾ-ը, կատարելով օրենքով վերապահված սահմանադրական կարգի պահպանման եւ ժողովրդի անվտանգության ապահովման գործունեությունը, հայտարարում է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ջանքերի շնորհիվ է վերջին օրերին ապօրինի հանրահավաքի ծայրահեղական տրամադրված մասնակիցների մոտից առգրավվել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, թունավոր եւ պայթուցիկ նյութեր, որի վերաբերյալ ԱԱԾ Քննչական վարչությունը 6 անձանց հանդեպ հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով: Դա փաստում է այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ը գործում է միայն ի նպաստ ժողովրդի, ընդ որում ապահովում է հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը:

Եվս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Ոստիկանության հետ համատեղ շարունակելու է կատարել իրենց վրա օրենքով դրված պարտականությունները եւ զգուշացնում է որոշ «տաք գլուխների», որ ծառայողական գործունեությունը խոչընդոտելու յուրաքանչյուր փորձ կբերի օրենքով նախատեսված խստագույն պատասխանատվության»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG