Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորից երկուսը` Արսեն Ասատրյանը եւ Մարատ Բաղդասարյանը, ովքեր փետրվարի 24-ին բերման էին ենթարկվել ոստիկանություն, ձերբակալված են: Այդ մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը:

Ոստիկանությունը փետրվարի 25-ին տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը.

«Փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երեւանի Աայաթ-Նովայի փողոցում կայանված, մգեցված ապակիներով երեք ավտոմեքենաների ուղեւորները զինված են:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի Ա. Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 091ՏԼ01, 090ՏԼ01 եւ «Ռենջ Ռովեռ» մակնիշի 015ՍՏ01 պետհամարանիշերի ավտոմեքենաներն ու դրանցում գտնվող անձանց` 1978 թ. ծնված Հայկազ Գալաջյանին, 1974 թ. ծնված Մարատ Բաղդասարյանին, 1967 թ. ծնված Արթուր Մանուկյանին, 1978 թ. ծնված Հրայր Հովակիմյանին, 1980 թ. ծնված Սամվել Ավետիսյանին, 1975 թ. ծնված Սարգիս Արզումանյանին, 1983 թ. ծնված էդուարդ Ղուշչյանին, 1982 թ. ծնված Ռոման Խանամիրյանին, 1978 թ. ծնված Արսեն Ասատրյանին եւ 1986 թ. ծնված Արտաշես Պետրոսյանին:

Անձնական խուզարկությամբ Հ. Գալաջյանի մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է «Սֆերա» տեսակի զրահաբաճկոն, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 091ՏԼ01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից` 7,62 մմ տրամաչափի, «ՎՈԼՖ» տեսակի 9 փամփուշտ եւ ինքնաձիգի ծալովի խզակոթ, Մ. Բաղդասարյանի մոտից` 22 սմ երկարության, 10 սմ շեղբով գործարանային արտադրության ծալովի դանակ, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 090ՏԼ01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից` «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգ` 4 պահունակով, լիցքավորված 35 փամփուշտով, 7,62 մմ տրամաչափի, «ՎՈԼՖ» տեսակի 30 փամփուշտ, ատրճանակի պատյան, 1 հակագազ, Տ-5420 տեսակի 2 ռադիոկապի միջոց, 1 հատ նուչակի, 18 սմ երկարության 9 սմ շեղբով դանակ, «Ռենջ Ռովեռ» մակնիշի 015ՍՏ01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից` «Բերետտա» տեսակի 1 ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 15 փամփուշտով, 2 հակագազ, «Յամայկա» տեսակի զրահաբաճկոն եւ Տ-5420 տեսակի ռադիոկապի միջոց, Ա. Ասատրյանի մոտից` «Սֆերա» տեսակի զրահաբաճկոն, Ա. Պետրոսյանի մոտից` 17,5 սմ երկարության, 7,5 սմ շեղբով ծալովի դանակ:

Հայտնաբերվածներն ու առգրավվածները ուղարկվել են փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն»:

Քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր պահելու, փոխադրելու հատկանիշներով:

Ավելի ուշ Ասատրյանի ու Բաղդասարյանի շահերի պաշտպան Արթուր Ալիխանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվում է նախաքննության մարմնի միջնորդությունը կալանքը խափանման միջոց ընտրելու մասին:


Կարինե Քալանթարյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Խաչատուր Սուքիասյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG