Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է սահմանափակել Իրաքի հյուսիսում իրականացվող գործողության տեւողությունը


Միացյալ Նահանգները Թուրքիայից պահանջում է սահմանափակել Իրաքի հյուսիսում իրականացվող գործողության տեւողությունը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը երեկ Անկարայում հայտարարել է, թե Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ստորաբաժանումները պետք է լքեն շրջանը տեսանելի ապագայում:

«Թուրքական բանակի գործողությունները պետք է տեւեն առավելագույնը երկու շաբաթ», - պնդել է Գեյթսը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, սակայն, շեշտել է նման գործողությունների անհրաժեշտությունը. - «Իրաքի հյուսիսում դիրքավորված ահաբեկչական կազմակերպությունը անկայունության աղբյուր է ինչպես Իրաքի, այնպես էլ մեր երկրի ու քաղաքացիների համար: Այդ իսկ պատճառով, ահաբեկչության դեմ պայքարում մեր համագործակցությունը կարող է լրացնել այն կապերը, որ առկա են քաղաքական ու տնտեսական ոլորտներում»:

Հիմնական մարտական գործողություններն ընթանում են Իրաքի` Թուրքիային սահմանակից շրջաններում: Թուրքական բանակին առայժմ դիմադրություն են ցուցաբերում միայն Քրդական աշխատավորական կուսակցության ջոկատները: Պաշտոնական Բաղդադը, սակայն, չի բացառում, որ ռազմական գործողություններում կարող են ներգրավվել նաեւ իրաքցի քրդերի ջոկատները, որոնք ավելի մարտունակ են եւ լավ են զինված:

«Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, սակայն իրավիճակը շատ վտանգավոր է, եւ որոշ ռազմական սխալներ կարող են ավելի սրել կացությունը: Կարող են բախումներ լինել թուրքական բանակի եւ իրաքցի քրդերի միջեւ, կարող են տուժել քաղաքացիական անձինք, ենթակառուցվածքները: Սա, բնականաբար, իրաքյան կառավարության համար անընդունելի կլինի», - հայտարարել է, մասնավորապես, Իրաքի կառավարության խոսնակ Ալի ալ-Դաբաղը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG