Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Միտինգային զանգված չէ» վերնագրված խմբագրականում շեշտում է. - «Չգիտեմ, թե ով է Սերժ Սարգսյանի PR-մենեջերը, բայց կարելի է վստահաբար ասել, որ նրան սատարողների հետընտրական հանրահավաք անցկացնելը հաջող գաղափար չէր: Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանը ընտրողներ չունի` իհարկե, ունի. ուղղակի նրանք բացարձակապես միտինգային ընտրազանգված չեն»: «Այնպես որ, «հավատարմության հանրահավաքներ» կազմակերպելը անիմաստ զբաղմունք է, եւ վարչապետը, հուսով եմ, կհրաժարվի այդ գաղափարից», - գրում է թերթի խմբագիրը: - «Սերժ Սարգսյանի իսկական ընտրողներն իրենց նվաստացած կզգան մասնակցել նման միջոցառումներին, առավել եւս՝ որ այն, ինչ կասի վարչապետը, նույն երեկոյան 3-4 անգամ ամբողջությամբ կհաղորդվի բոլոր հեռուստաընկերություներով: Եվ ընդհակառակը՝ այն, ինչ Ազատության հրապարակում կասի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ մի ալիք չի հաղորդի, եւ հենց նույն ընտրազանգվածից շատերը գնում են այնտեղ զուտ հետաքրքրասիրությունից դրդված` եթե ուզում են «առաջին ձեռքից» իմանալ, թե ինչ է մտածում իրենց համաքաղաքացիների ստվար զանգվածը եւ նրանց առաջնորդը»։

«Ազգ» թերթի խմբագիրը, նկատելով, որ «ավելի վատ խորհուրդ՝ քան նախորդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք կազմակերպելը, երեւի ոչ ոք չէր տվել Սերժ Սարգսյանին», պատկերել է. - «Ինչքան ես եմ հասկանում, ուժի ցուցադրությանը միտված հանրահավաքն ավելի ուժ տվեց, նոր շնչառություն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, ովքեր նախորդ օրն արդեն հոգնության նշաններ էին սկսել ցույց տալ»: «Նորընտիր նախագահն իր ազդու ելույթը, երդումով ամրագրված խոստումներն ու համագործակցության կոչն արտահայտելու այլ ամբիոն կարող էր հեշտորեն գտնել», - ընդգծել է խմբագիրն ու հորդորն ուղղել այս անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին. - «Մեր երկրում տիրող իրավիճակից իրավացիորեն դժգոհ եւ իրենց բողոքն անկեղծորեն բարձրաձայնող ցուցարարներին պետք չէ ամբոխի վերածել: Ամբոխը, այն էլ խելագարված ամբոխը, վերահսկելի չէ, նույնիսկ իր առաջնորդների համար»:

Հայաստանի հետընտրական զարգացումների վերաբերյալ իր տեսակետները փոխանցելով «168 ժամ» թերթին, ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը շեշտադրել է. - «Չնայած ՀՀ քաղաքական կյանքում անհատներն ավելի շատ դերակատարում ունեն, քան ծրագրերը եւ պլատֆորմները, այս ճգնաժամն անձնական հակամարտություն չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ»։ «Դա ավելի շուտ կարելի է անվանել «վստահության ճգնաժամ», - որակել է վերլուծաբանն ու հավելել. - «Կան այս իրավիճակը սրող մի շարք այլ գործոններ եւս. օրինակ, ՀՀ քաղաքական դաշտի սուր բեւեռացումը, երբ ասպարեզում չկա միջնորդական պոտենցիալ ունեցող որեւէ քաղաքական ուժ։ Եվ, վերջապես, այս ճգնաժամից քաղվելիք ընդհանուր դասերից մեկը հետեւյալն է. թեեւ կայունությունը կարեւոր է, սակայն, պատասխանատվության բացակայութան եւ օրենքի թույլ գերակայության հետեւանքով երկրում առաջացել է լեգիտիմության վտանգավոր բաց»։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, կանխատեսելով, որ «մոտենում է հետընտրական գործընթացների հանգուցալուծման պահը», արձանագրել է. - «Ողջ խնդիրը այն է, որ խաղաղ հանգուցալուծման հասնելու հարցին կողմերը մոտենում են տրամագծորեն հակադիր դիրքերից»։ «Ստացվում է, որ քաղաքական ճամբարներից մեկը ամեն ինչ անում է երկրում միասնության ու համերաշխության մթնոլորտը վերականգնելու համար, իսկ մյուսը, ընդհակառակը, դրա խաթարման մեջ է տեսնում իր հաջողության գրավականը», - զուգահեռել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Շատ բան կախված կլինի նրանից, թե առաջիկայում ինչպիսի դիրքորոշում կունենան այս երկու ճամբարների հանդեպ Հայաստանի մյուս ուժերն ու լայն հասարակայնությունը։ Քանզի նման ավելի քան հստակ ու աներկբա ջրբաժանի հանդեպ կրավորականության ցանկացած դրսեւորում մեծացնում է դիմակայությունը ոչ քաղաքական մեթոդներով հանգուցալուծվելու վտանգը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG