Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ընդդիմության կողմից արդեն արձագանքներ կան»


Վարչապետ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում նախօրեին հնչեցրած իր կոչին` ստեղծել կոալիցիոն համաձայնության կառավարություն, արդեն կան «արձագանքներ ընդդիմության կողմից»:

«Արդեն արձագանքներ կան ընդդիմության կողմից համագործակցելու», - Ազգային ժողովում ասաց վարչապետը` ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին, ու շարունակեց. - «Կլինի ձեր արձագանքը` ձեզ հետ էլ կաշխատենք հաճույքով»:

Քիչ անց, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ովքեր են արձագանքել իր կոչին, Սերժ Սարգսյանը ասաց. - «Ես չէի ուզենա հիմա ասել, թե ովքեր: Բայց ձեզ պիտի ուրախացնեմ. իրոք, արձագանքողներ եղել են... ե’ւ թեկնածուներից, ե’ւ արտախորհրդարանական ուժերից... Մեկ թեկնածու չէ [որ արձագանքել է]: Իրենք կասեն դրա մասին»:

Սերժ Սարգսյանը խոստացավ ծանոթանալ «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավորների` Վարդան Խաչատրյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի դեմ փետրվարի 19-ին բռնության կիրառման կապակցությամբ հարուցված գործին եւ իրավապահներին խնդրել արագացնել գործի քննությունը:

Իշխանությունների հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. - «Ի՞նչ կոալիցիոն կառավարության մասին կարող է խոսք լինել, երբ այս ռեժիմի դեմ մենք պայքարում ենք»:

Նախագահի նախկին թեկնածու Արթուր Բաղդասարյանի շտաբի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը փոխանցեց, թե իրենք առայժմ որոշում չեն կայացրել այս առիթով, ամփոփում են ընտրախախտումների վերաբերյալ տվյալները, եւ երկու օրից Բաղդասարյանը հանդես կգա հայտարարությամբ:

Նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանը միայն ասաց. - «Ես երբեւէ որեւէ պաշտոն չեմ ուզել»:

Նախագահի նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանը, «Ա1+» էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, վերահաստատել է իր դիրքորոշումը` ասելով. - «Ազգային միաբանություն»-ը պատրաստ է հայոց պետականության անառիկությունը ապահովող ցանկացած ոլորտում իր մասնակցությունը բերել»:

Նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը, ով երեկ դիմել է Սահմանադրական դատարան եւ պահանջում է, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` անվավեր ճանաչել ընտրությունները, կոալիցիոն համաձայնության կառավարություն ստեղծելու կոչի առիթով հայտարարեց. - «Ես չեմ հավատում, որովհետեւ ինձ ոչ մեկը ոչ մի առաջարկ չի արել 7 տարվա ընթացքում, ու ես չեմ մտածում, որ որեւէ մեկը կանի: Իրենք գուցե ինչ-որ նկատառումներ ունեն, ընդդիմությունը պառակտելու համար իրենք կցանկանան որեւէ մի քայլ անել, բայց ես չեմ ընդունի այդ առաջարկը. ոչ թե ես չեմ կարող աշխատել` ես կենտրոնամետ եմ եւ կարող եմ աշխատել, բայց ես չեմ տեսնում այսօր իշխանության պատրաստակամությունը»:

«Իսկ դուք կգնա՞ք Ազատության հրապարակ», - այս հարցին Կարապետյանը հակադարձեց. - «Ոչ, ես կենտրոնամետ եմ: Ես ո’չ Սերժ Սարգսյանին եմ շնորհավորել, ո’չ էլ կգնամ Ազատության հրապարակ»:

Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն ասաց, որ վաղը իր հրավիրած ասուլիսում կպատասխանի այդ հարցին:

Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն էլ ասաց. - «Առայժմ չենք արձագանքել, դեռ մեր մոտ քննարկման փուլում է»:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG