Մատչելիության հղումներ

logo-print

Շահումյան գյուղում քվեաթերթիկների լցոնման մասին հաղորդումը չի հաստատվել


Ոստիկանության Արտաշատի բաժնում մերժվել է Արարատի մարզի Շահումյան գյուղում ընտրախախտումների կապակցությամբ քրեական գործի հարուցումը` հանցադեպի բացակայության պատճառով:

«Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով նշված գյուղի բնակչուհի Եփրաքսյա Բարսեղյանին, փետրվարի 19-ին տեղեկատվություն էր տարածել, որ Կարեն Կարապետյանը, Վարդան եւ Ստյոպա Ստեփանյանները քվեարկության ժամանակ ընտրողների ձեռքից վերցրել են քվեաթերթիկները եւ քվեարկել նրանց փոխարեն:

«Ազատություն» ռադիոկայանի նշված տեղեկատվության մասին նույն օրը ժամը 16:25-ին Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն` ստուգմամբ պարզվել է, որ Շահումյան գյուղում Եփրաքսյա Բարսեղյան անուն-ազգանունով բնակվել է մեկ անձ՝ Եփրաքսյա Մանվելի Բարսեղյանը, ով դեռեւս 2006 թվականին վաճառել է բնակարանն ու հողամասը, դուրս գրվել գյուղի հաշվառումից եւ մեկնել Ռուսաստանի Կեմերովո քաղաք:

Պարզվել է, որ Վարդան Ստեփանյանը Շահումյան գյուղի թիվ 17/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն է, իսկ Ստեփան (Ստյոպա) Ստեփանյանը որպես Հայաստանի նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի վստահված անձ ներկա է գտնվել ընտրություններին նույն տեղամասում: Կարեն Կարապետյան անուն-ազգանունով անձ ընտրատեղամասում չի եղել:

Իրենց տված բացատրություններում թիվ 17/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, քարտուղարը եւ անդամները, դիտորդները, նախագահի թեկնածուների վստահված անձինք հերքել են քվեաթերթիկների լցոնման մասին տեղեկությունը եւ հայտնել, որ ընտրատեղամասում ոչ մի ընտրախախտում չի արձանագրվել եւ դիտորդների, վստահված անձանց կողմից ընտրախախտումների վերաբերյալ որեւէ արձանագրություն չի կազմվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG