Մատչելիության հղումներ

Անհամապատասխանություններ ԿԸՀ-ի կայքէջում տեղադրված եւ արձանագրությունների տվյալներում


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում նախագահի ընտրության ցուցանիշները` ըստ ընտրատեղամասերի, նույն ընտրատեղամասերի արձանագրությունների հետ համեմատելիս ի հայտ են գալիս որոշ «սխալներ», որոնք ստիպում են անվերապահ չլինել ԿԸՀ-ի կայքէջի տվյալների նկատմամբ:

Գեղարքունիքի մարզում 24/19 ընտրատեղամասի (Գեղհովիտ համայնք) արձանագրությունը, օրինակ, էականորեն տարբերվում է ԿԸՀ-ի կայքէջում տեղադրված տվյալներից: Ըստ արձանագրության, որը հիմնական փաստաթուղթն է, անվավեր քվեաթերթիկները 19-ն են, ԿԸՀ-ի կայքէջում անվավերները դարձել են 2: Անսխալ է մուտքագրված Լեւոն Տեր-Պետրոսյանի 259 ձայների թիվը, Արտաշես Գեղամյանի 15 քվեն դարձել է 3, անհետացել են Արման Մելիքյանի 3 ձայները, 3-ով նվազել են Վազգեն Մանուկյանի ձայները, եւ Արթուր Բաղդասարյանի ձայներից պակասել է 70 քվե` 341-ից հասնելով 271-ի: Այս խառնաշփոթ թվաբանության մեջ Սերժ Սարգսյանի ձայները ավելացել են 447-ով` 541-ի փոխարեն կայքէջում տեսնում ենք 988 թիվը:

Նմանատիպ իրավիճակ էր նաեւ Սյունիքի 38 ընտրատարածքի մոտ 20 ընտրատեղամասերում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավական փորձաքննության բաժնի պետ Սեւակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ փետրվարի 22-ի հեռախոսազրույցում հայտնել է, որ արձանագրությունների տվյալների միտումնավոր սխալ մուտքագրումը քրեորեն պատժելի արարք է:

Ամենաքիչ ձայնը` ընդամենը մոտ 8 տոկոս, Սերժ Սարգսյանը ստացել է 20/22 ընտրատեղամասում (Արմավիրում), որտեղ ընտրության 787 մասնակիցներից Սերժ Սարգսյանն ունի 69, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 214, իսկ Արթուր Բաղդասարյանը` 150 կողմ քվե:

Նույն պատկերն է 18/30 ընտրատեղամասում` Սերժ Սարգսյանը 3-րդ տեղում է 14,5 տոկոսով, 267 քվե ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ 224 քվե` Արթուր Բաղդասարյանը:

93 ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանը ստացել է մինչեւ 30 տոկոս քվե, եւ չկա որեւէ ընտրատեղամաս, որտեղ Սերժ Սարգսյանը ստացած լինի 0 տոկոս: 69 ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանը ստացել է ավելի քան 90 տոկոս կողմ քվե: Կան անգամ 100 տոկոսանոց «սարգսյանական» ընտրատեղամասեր` թվով 6-ը: Դրանցից են Կոտայքի մարզի Աբովյան քաղաք` 28/35 ընտրատեղամաս, 23/67` Գեղարքունիքում, 37/42 եւ 37/56 Գորիսում եւ այլն: 23/26 ընտրատեղամասում (Սեւանի տարածքում) բոլոր 120 ընտրողները միաձայն ընտրել են Սերժ Սարգսյանին, Միահամուռ ձայները Սերժ Սարգսյանին են տվել Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի բոլոր 161 ընտրողները (14/52 ընտրատեղամաս):

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի 8 ընտրատեղամասերում Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել է 0 ձայն: Ընդհանուր առմամբ, ամբողջ հանրապետության 47 ընտրատեղամասերում 0 քվե է ստացել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ 42 ընտրատեղամասերում` Արթուր Բաղդասարյանը:

0-ներից բացի, Լեւոն Տեր-Պետրոսյանը 86 ընտրատեղամասում հավաքել է 1-15 ձայն` 1 տոկոսից պակաս:

Ավելի քան 50 տոկոս քվե Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել է 17 ընտրատեղամասերում: Մեծամորի 2 տեղամասերում (20/26-ում եւ 20/27-ում) նա ստացել է ավելի քան 60 տոկոս ձայն: Արթուր Բաղդասարյանը, ով 64 ընտրատեղամասերում հավաքել է մինչեւ 1 տոկոս ձայն, բարձր ցուցանիշներ գրանցել է հիմնականում Շիրակում, ամենաբարձրը` Արթիկում (36/16 ընտրատեղամասում), որտեղ հավաքել է մոտ 70 տոկոս ձայն:

Ուշագրավ են նաեւ ընտրողների մասնակցության ցուցանիշները. 5 ընտրատեղամասերում 100 տոկոսանոց մասնակցություն է ապահովվել: Արդեն հիշատակված 38 ընտրատարածքի թիվ 33 տեղամասին հատկացվել է 132 քվեաթերթիկ, եւ 132 մարդ էլ մասնակցել է ընտրությանը, ընդ որում նրանց 85 տոկոսը` 112 մարդ, ձայնը տվել է Սերժ Սարգսյանին:

128 ընտրատեղամասերում մասնակցությունը կազմել է ավելի քան 90 տոկոս: Իսկ ամենացածր տոկոսը` 25,5, 31/ 35 ընտրատեղամասում է (Ալավերդի):


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG