Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որոշակի մտահոգություն հայտնեց` կապված Հայաստանում հետընտրական իրավիճակի հետ:

«Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ», - ասաց Լենմարկերը:

«ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը եւ Խորհրդարանական վեհաժողովը, իհարկե, համակարծիք էին ընտրություններ հաջորդ օրը հրապարակած իրենց նախնական զեկույցում: Դրան կհետեւի վերջնական զեկույցը, որում կարտացոլվի նաեւ հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը, եւ սա, անկասկած, որոշակի շփոթմունք կստեղծի», - հայտարարեց ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը:

Հարցին` արդյո՞ք Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ երեկ քննարկվել է նաեւ որոշ ընդդիմադիր գործիչների ձերբակալության փաստը, Գորան Լենմարկերը պատասխանեց. - «Ըստ կառավարության տված բացատրության, այդ ձերբակալությունների պատճառը զենքն է: Ես չեմ կարող ասել` ինչն է ճիշտ, ինչը` ոչ, ինձ ընդամենը սա են ասել, եւ արտասահմանցու համար դժվար է գնահատել»:

«Հուսով եմ, խաղաղ հանգուցալուծման ականատեսը կլինենք, եւ բռնություններ չեն լինի», - նշեց Լենմարկերը` անդրադառնալով նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մի քանիսի ներկայացուցիչների հետ երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպումներին. - «Որոշ ընդիմադիր կուսակցություններ վերջնական վճռի հասնելու համար ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան եւ ասում են, որ կենթարկվեն Սահմանադրական դատարանի որոշմանը»:

Գորան Լենմարկերը նաեւ նշեց, որ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ որեւէ հատուկ զեկույցով հանդես չի գալու, այլ իր գնահատականներում հիմնվելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի վրա, որը, ինչպես արդեն հայտարարվել է, պատրաստ կլինի ապրիլի կեսերին:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG