Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Վանո Սիրադեղյանի եղբայրը


Երեկ երեկոյան Տավուշի մարզի Կոթի գյուղում ձերբակալվել է 1992-96 թվականներին Հայաստանի ներքին գործերի նախարար, 1996-ից մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը Երեւանի քաղաքապետ, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի ավագ եղբայրը` Սերյոժա Սիրադեղյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Տիգրան Տեր-Եսայանի խոսքերով, Սերյոժա Սիրադեղյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է «ՏՕԶ» տեսակի հրացան` առանց փամփուշտի, ինչը եւ հիմք է հանդիսացել ձերբակալման:

«Ընդհանուր առմամբ, ձերբակալման հիմնավորումը այն է, որ մնալով ազատության մեջ` կարող է թաքնվել վարույթը իրականացնող մարմնից եւ խոչընդոտել մինչդատական վարույթում քրեական գործի քննությունը», - ասաց փաստաբանը:

Տիգրան Տեր-Եսայանի վկայությամբ, ապօրինի զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ Նոյեմբերյանի բնակիչ Յուրա Մամյանը:

Երեքշաբթի օրը խուզարկություն էր իրականացվել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից` Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի տանը: Խուզարկությունից հետո նրան բերման էին ենթարկել, ապա որոշ ժամանակ անց ազատ արձակել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Գուրգեն Եղիազարյանը ասաց, որ իր ամառանոցի խուզարկության ժամանակ հայտնաբերել եւ առգրավել են, իր պնդմամբ` օրինական երեք զենք եւ դաշույնների եւ թրերի իր հավաքածուն:

Նույն օրը խուզարկություն է իրականացվել նաեւ Երկրապահ կամավորականների միության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Հարությունյանի տանը: Նրա կնոջ վկայությամբ, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցներն այցելել են այն ժամանակ, երբ Հարությունյանը տանը չի եղել: Խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են «ՏՏ» տեսակի ատրճանակ, որը նվիրել էր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, «Սայգա» տեսակի երկու հրացան, փամփուշտներ, Հարությունյանի` ծննդյան օրը նվեր ստացած դաշույնները:

Խուզարկությունից ժամեր անց, երբ Հարությունյանն արդեն տանն էր, նրան են այցելել Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները եւ ուղեկցել ԱԱԾ:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարում` Վանո Սիրադեղյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG