Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Չայ խմելը բացառված է», - կարդում ենք «Առավոտ»-ի խմբագրականում: Թե ինչով կավարտվեն հետընտրական զարգացումները` «Առավոտ»-ի խմբագիրը ճշգրիտ կանխատեսումներ չի անում, սակայն հաստատ կարող է ասել, թե ինչ տեղի չի ունենա. - «Տեր-Պետրոսյանը, գործը կիսատ թողած, չի գնա «չայ խմելու», ինչպես եղավ 2003-ին, մյուս կողմից` Ազգային Ժողովի վրա չի հարձակվի, ինչպես եղավ 1996-ին: Ազատության հրապարակից առաջին նախագահն ունի երկու ճանապարհ. կամ դեպի նախագահի նստավայր, կամ դեպի բանտ: Բայց եթե իշխանությունն ընտրի երկրորդ հանգուցալուծումը, դարձյալ դժվար կլինի նրա համար երկարատեւ հանգիստ կյանք կանխատեսել. իշխանությունն այդ դեպքում չափազանց փխրուն կլինի թե’ «դրսի», թե’ «ներսի» համար»: «Իդեալական կլիներ, իհարկե, հակամարտող կողմերի միջեւ բանակցություններ սկսելը: Բայց դա առայժմ ամենաանհավանական սցենարն է», - շեշտում է խմբագիրը:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը «Մեծամասնության կարծիքը հստակ է» վերնագրի տակ շեշտադրել է. - «Ցավոք, մեզանում արդեն «սովորույթի ուժ» է ստանում այն իրողությունը, որ ինչպիսի տարբերություն էլ արձանագրվի ընտրությունների արդյունքում, անպայման դառնում է վիճարկման առարկա, եւ հետընտրական բողոքարկումները նպատակից վերածվում են միջոցի։ Փոքրամասնության կողմից դրսեւորվող ագրեսիվությունը կարող է «վարակիչ դառնալ» նաեւ մեծամասնության համար եւ վերածվել լուրջ ընդհարումների»։ «Պետությունը հենց նրա համար է, որ թույլ չտա նման միջադեպերը եւ բացառի հեղափոխական ցնցումների հրահրման ուղղությամբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների անիմաստ փորձերի անվերջ կրկնությունը», - եզրափակել է մեկնաբանը։

«Հայկական ժամանակ» թերթի վերլուծաբանը պնդել է. - «Այն, որ միջազգային դիտորդները ինչ-որ ընդհանուր, ծամծմված արտահայտություններով իբր թե գովել են կայացած ընտրությունները, դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ այդ ընտրության արդյունքի հետ չի հաշտվել ժողովուրդը»։ «Չէ՞ որ փետրվարի 19-ին ընտրել ենք ոչ թե եվրադիտորդների, այլ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Այդ նախագահի իշխանությունը իր վրա զգալու է ոչ թե ԱՊՀ-ի դիտորդական առաքելության նախագահը, այլ Հայաստանի քաղաքացիները, որոնց կամարտահայտության վրա այդքան կոպտորեն բռնանում են մարդիկ, ովքեր ցանկանում են, որ ժողովուրդն իրենց սիրի ու ընդունի որպես իշխանություն», - գրել է վերլուծաբանն ու բխեցրել. - «Իհարկե, զոռբայությամբ իշխանություն չեն գրավում, սակայն զոռով նաեւ հնարավոր չէ իշխանություն պահել»։

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանի տպավորությամբ` ժամանակները փոխվել են եւ «այլեւս ժողովուրդը հասկացել է, որ իր արժանապատվության միակ վատնողը չընտրված իշխանությունն է». - «Երեկ հասարակությունը լքելով Հանրապետության հրապարակը, ցույց տվեց, որ մտացածին են հասարակության տրոհման մասին բոլոր խոսակցությունները, սուտ են այն բոլոր պնդումները, թե իբր ժողովուրդը բաժանված է հատվածների, եւ այդ հատվածները պայքարում են միմյանց դեմ»։ «Չկա նման բան: Կա շարժում, որն այլեւս չի հանդուրժելու, որ իրենից ձայներ ու քվեներ գողանան, որ իրեն կաշառեն կամ ահաբեկեն»։

«Ազգ» թերթը, իր հերթին, տեղեկացնելով, որ սկսում է «Արժանապատիվ քաղաքացի» ակցիա, որի նպատակն է «լուծումներ առաջարկել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար», շեշտադրել է. - «Մտահոգ Հայաստանում ստեղծված իրավիճակով` «Ազգ»-ը կոչ է անում աշխարհասփյուռ ողջ հայությանը, առաջին հերթին Հայաստանի քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն մեր ազգի ու պետության ապագայի հանդեպ, հայտարարել, որ մենք դեմ ենք հայ ազգի պառակտմանը իշխանամետների եւ ընդդիմադիրների, լեւոնականների եւ սերժականների, հայաստանցիների ու ղարաբաղցիների, դավաճանների եւ ոչ դավաճանների, հհշականների եւ ոչ հհշականների միջեւ»: «Ստեղծված պառակտման գործընթացը վտանգավոր է մեր պետության` Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի համար», - հավելել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG