Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին հրաժարական տալ


Ազատության հրապարակում շարունակվող ընդդիմության հանրահավաքում Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ կոչ է արել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել:

Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում կողմնակիցները պնդում են, թե իրականում իրենց թեկնածուն է մեծ առավելությամբ հաղթել ընտրություններում, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կոչ է արել իրենց հրաժարականի մասին հայտարարել Ազատության հրապարակում` հանրահավաքի հարթակից:

«Այստեղ առնվազն կանգնած է կես միլիոն մարդ», - ասաց Տեր-Պետրոսյանը` շարունակելով. - «Ես ձեզ եմ դիմում` նույնիսկ ընկերական, իմ բարեկամական վերաբերմունքով. Ռոբերտ, Սերժ, խելքի եկեք, հասկացեք, թե ինչ է կատարվում այս երկրում: Քաջություն ունեցեք: Կարող եք ժողովրդի միջով չգալ: Օպերան ունի ետնամուտք. այնտեղից դուք կարող եք գալ: Մենք մի կարմիր գորգ էլ կփռենք ձեր առաջ` մինչեւ այս միկրոֆոնը, եւ այստեղից տվեք ձեր հրաժարականը եւ թողեք-հեռացեք այս երկրից»:

Շարունակելով` Տեր-Պետրոսյանը ասաց. - «Ես ուզում եմ դիմել նաեւ մեր խորհրդարանին, մեր պատգամավորներին: Սիրելի ժողովրդի ընտրյալներ, ահա ձեր ժողովուրդը: Մենք ձեզ հրավիրում ենք այս հարթակ: Բոլորին` ամբողջ կազմով: Լքեք այդ շենքը, եկեք այս հարթակ. ահա ձեր խորհրդարանը, ահա ձեր Ազգային ժողովը»:

Երեկվա հանրահավաքը ընդդիմության մինչեւ այժմ կազմակերպած հանրահավաքներից ամենաբազմամարդն էր. մարդիկ կանգնած էին շատ խիտ, փակվել էր Թումանյան փողոցը, լեփ-լեցուն էին Օպերայի շրջակայքի սրճարանների տարածքները: Հանրահավաքը սկսվելուց մոտ կես ժամ անց Հյուսիսային պողոտայով դեպի Ազատության հրապարակ սկսեցին շարժվել ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցների մի մասը` «Առաջ, Հայաստան» դրոշներով: Նրանցից մի քանիսը հասան մինչեւ հարթակ եւ Տեր-Պետրոսյանին հանձնեցին դրոշները:

«Չենթարկվածները ազատ կամքով գալիս են դեպի ազատություն», - հարթակից հայտարարեց նրանցից մեկը:

Տեր-Պետրոսյանը այնուհետեւ ասաց, թե «պարգեւատրելու է Սերժ Սարգսյանին». - «Որովհետեւ նրա շնորհիվ, նրա կազմակերպած հանրահավաքի շնորհիվ Ազատության հրապարակի հանրահավաքը կրկնապատկվեց»:

Հանրահավաքի իր ելույթում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Վարդան Խաչատրյանը ասաց. - «Այն, ինչ մենք տեսանք ընտրությունների ժամանակ, տառացիորեն մի յուրօրինակ էնցիկլոպեդիա է հնարավոր բոլոր ընտրակեղծիքների, ընտրախախտումների, ընտրությունների հետ կապված հանցագործությունների, որոնք մեկտեղվել էին միայն մեկ բանի համար` ժողովրդի արդարացի կամքը կոտրելու համար»:

Հանրահավաքի մասնակիցները երեկ եւս երթով անցան մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG