Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվային եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության փոխանցմամբ, Իլկա Կաներվան ջերմորեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահական ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու համար, որոնց ներկայությունը «շատ կարեւոր է ընտրությունների գործընթացի եւ արդյունքների օբյեկտիվ գնահատման տեսակետից»:

Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը հավաստել է ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանը հետեւողական ու հաստատակամորեն առաջ տանելու իր ցանկությունն ու վճռականությունը: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գործունեությունը` նշելով, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը հավասարակշռված եւ օբյեկտիվ էր:

Ըստ նրա, ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության եզրակացություններն անգնահատելի ներդրում են մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում, իսկ ներկայացված զեկույցում արծարծված հիմնախնդիրներն ու առաջարկությունները ուշադրության կառնվեն եւ համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց կարգավորման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ Իլկա Կաներվան եւ Սերժ Սարգսյանն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG