Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ անցած երեքշաբթի կայացած նախագահական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու «որոշման կայացման փուլում» են:

Բաղդասարյանի խոսքով, քվեարկության օրվանից` փետրվարի 19-ից, ինքը մի քանի հայտարարություններ է արել` դատապարտելով այն «անընդունելի» գործելաոճը, որ իրականացվում է Հայաստանում. բազմաթիվ ընտրատարածքներում հանձնաժողովների անդամների եւ թեկնածուների վստահված անձանց ահաբեկում, քվեաթերթիկների լցոնում, ընտրակաշառքներ եւ այլն:

«Եվ այս ընտրությունների լեգիտիմությունը խորը կասկածի տակ է, նախեւառաջ` մեր ժողովրդի մեջ», - հայտարարեց Բաղդասարյանը` բերելով հետեւյալ օրինակները. - «42 ընտրատեղամասում Արթուր Բաղդասարյանը ստացել է 0: 129 ընտրական տեղամասերում ես ստացել եմ 5 ձայն... Հնարավո՞ր է, [որ] մի գյուղում ես ստանամ 200 ձայն, կողքի գյուղում` 0 ձայն»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ինքը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. - «Ընտրությունների արդյունքների հետ կապված մենք վաղը-մյուս օրը կասենք մեր գնահատականը»:

Նույնը ասվեց նաեւ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ:

«Մենք հիմա, հաշվի առնելով Հայաստանում դատական համակարգի լիակատար կախվածությունը գործադիր իշխանությունից, այսօր որոշման կայացման փուլում ենք գտնվում», - ասաց Բաղդասարյանը:

Խոսելով հետընտրական զարգացումների մասին` «Օրինաց երկիր»-ի առաջնորդը ասաց. - «Մենք նաեւ դատապարտել եւ դատապարտում ենք այսօր քաղաքական գործիչների ձերբակալությունները: Դատապարտել ենք նաեւ երկու կողմից իրականացվող քայլերը. ե’ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, որը 65 տոկոսով իրեն Ազատության հրապարակում հռչակել է Հայաստանի նախագահ, ե’ւ իշխանությունների կողմից այս կեցվածքը, որի արդյունքում ուղղակի անհեթեթ հոդվածներով մարդկանց ձերբակալում են»:

Արթուր Բաղդասարյանը հորդորեց բացառապես քաղաքական մեթոդներով հանգուցալուծել ստեղծված քաղաքական լարված իրավիճակը:

Նա ասաց, որ այսօր քաղաքական երկխոսության մեջ է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ եւ շեշտեց` «երկխոսության, բայց ոչ միավորման». - «Չեմ կարող միավորվել մի մարդու հետ, որը ինքը իրեն հռչակել է նախագահ: Ես հիմա չեմ ուզում մեր կողմից բացել այդ երկխսսության փակագծերը»:

«Ես ինքս այսօր գիտեմ, որ ես կարող եմ կատարել շատ մեծ դեր», - հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:


Գայանե Դանիելյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG