Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Իշխանությունը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր բոլոր ուժերի հետ»


«Մենք պատմական ժամանակներ ենք ապրում: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեզ հաջողվեց իրար հետեւից երկու ընտրություն կազմակերպել եւ երկու դեպքում էլ ստանալ դրական գնահատականներ», - այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ինչպես իր, այնպես էլ մյուս թեկնածուների օգտին քվեարկած ընտրողներին. - «Մենք հարգում ենք մեր քաղաքացիների տեսակետներն ու չենք բաժանում հասարակությունը մերոնց ու նրանց, կամ ինչպես որոշ վայ ժողովրդավարներ են այսօր անում` «մերոնց ու ազգի տականքի»: Ֆաշիզմն ու ռեւանշիզմը մեզ խորթ են»:

Նա հավաստիացրել է, որ մանրամասն վերլուծության կենթարկվի նախընտրական շրջանում թեկնածուների կողմից հնչեցված ողջ քննադատությունը:

«Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին. եկե՛ք համագործակցենք: Ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորում: Նպատակներիցս մեկն է` օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Այսօր, սակայն, մենք ականատեսն ենք հասարակության բաժանման ու տրոհման, ականատեսն ենք, թե ինչպես է ագրեսիվ խմբավորումը ցանկանում ամեն գնով հասնել իր նպատակին, իր իսկ բնորոշմամբ` «հարամել»: Ականատեսն ենք վտանգավորությամբ աննախադեպ մի գործընթացի», - ասել է վարչապետը` կոչ անելով «բոլորին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իրենց գաղափարախոսական մոտեցումներից, հաղթահարել մեր ժողովրդի միջեւ մտցված այս արհեստական բաժանումը»:

Նա հայրենակիցներին հորդորել է «չլցվել չարությամբ, քանի որ այնտեղ` մյուս հրապարակում, մեր քույրերն ու եղբայրներն են». - «Համոզված եմ, նրանց հրապարակ է բերել ավելի լավ Հայաստան ունենալու ցանկությունը, սակայն, ավաղ, նրանց արդեն թույլ չեն տալիս նկատել, թե ինչպես են ակամա դարձել մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը»:

«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարողացել ենք մեզանում կայացնել «արժանապատիվ հաղթանակի» ինստիտուտը: Բայց այս ընտրությունները ցույց տվեցին նաեւ, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու «արժանապատիվ պարտության» ինստիտուտի ձեւավորման հարցում», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Այս ամենի մեջ ինձ համար ամենից անընդունելին իմ մի քանի մարտական ընկերների անվայել պահվածքն է, ում սատանան կարողացավ գայթակղել խոստումներով ու զազրախոսությամբ: Երկերեսանիություն, չպատճառաբանված նկրտումներ, ոչ իրատեսական ցանկություններ, չհիմնավորված պահանջներ. սրանք ինձ համար անընդունելի երեւույթներ են: Ես միշտ արել եմ եւ շարունակելու եմ սրտի ցավով, բայց վայրկյան իսկ չվարանելով, իրենց տեղը դնել չափն անցածներին, իրատեսությունը կորցրածներին, անկախ անցած մարտական ուղուց, շնորհված կոչումներից ու պարգեւներից: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից» - ասել է վարչապետը:

«Ես համագործակցության կոչ եմ անում երկրի բոլոր քաղաքական ուժերին ու հասարակական միավորումներին: Իշխանությունը պատրաստ է համագործակցելու ընդդիմադիր բոլոր ուժերի հետ հանուն Հայաստանի զարգացման եւ ի բարեկեցություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի», - հայտարարել է Սերժ Սարգսյանը եւ հավելել. - «Միաժամանակ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամենավճռական քայլերը կձեռնարկվեն մեր երկրում առկա քաղաքական կայունության ամրապնդման, հասարակական կարգուկանոնի պահպանման եւ հասարակության բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ»:

«Այսօր մենք կանգնած ենք միասնականության ու մասնատվածության երկընտրանքի առաջ: Այսօր ժողովրդավարության ու իշխանության բռնազավթման երկընտրանքի առաջ ենք: Մենք այսօր այդ ժողովրդավարության պաշտպաններն ենք», - ասել է վարչապետը:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG