Մատչելիության հղումներ

logo-print

Իլկա Կաներվա. «Լավ է, որ Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս դիտարկել ընտրությունները»


Նույնիսկ եթե Հայաստանում կայացած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, շատ ավելի լավ է, որ Հայաստանի իշխանությունները թույլատրում են միջազգային հանրությանը մասնակցել եւ դիտարկել ընտրությունները եւ ստանալ որոշ քննադատական գնահատականներ` դիտարկումը մերժելու փոխարեն: Այդ մասին հայտարարեց ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան այսօր Երեւանում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ուրախ եմ, որ Հայաստանի իշխանությունները այդպես վարվեցին», - ասաց Կաներվան:

«Այսօրվա դրությամբ ես տեղյակ եմ, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` ապրիլի կեսերին հրապարակվելիք վերջնական զեկույցը այնքան էլ մաքուր չի լինելու, բայց նույնիսկ եթե զեկույցը մաքուր չլինի, դա չի նշանակում, որ ամեն ինչ ձախողված է», - ասաց ԵԱՀԿ-ի գործող նախագահը` հավելելով. - «Սա, ամեն դեպքում, դրական քայլ է դեպի իրական ժողովրդավարություն: Դա ժամանակ եւ մի քանի ընտրություն կպահանջի, բայց Հայաստանը շատ լավ մոտեցում ցուցաբերեց` հրավիրելով այս բոլոր միջազգային դիտորդներին»:

Անդրադառնալով Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցին` Կաներվան շեշտեց, թե այն պարունակում է ինչպես դրական, այնպես էլ բացասական տարրեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է հաշվի առնել:

«Ընտրական գործընթացի ժամանակ տեղ գտած իրավախախտումների մասին բողոքները պետք է ամբողջովին հետաքննվեն, սա ավելի քան բնական է: Կառավարությունը պետք է վերացնի բոլոր թերությունները, որոնք տեղ են գտել ԵԱՀԿ-ի նախնական զեկույցում եւ որոնք կլինեն վերջնական զեկույցում», - հայտարարեց Իլկա Կաներվան:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հանդիպման ժամանակ անդրադառնալով փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին` Կաներվան ասել է, որ դրանցում առաջընթացն ակնհայտ էր: Նշելով, որ միջազգային դիտորդների նախնական զեկույցը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ քննադատական կետեր, նա համոզմունք է հայտնել, որ իշխանությունները կաշխատեն թերությունները վերացնելու ուղղությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Իլկա Կաներվան գնահատելի է համարել այս օրերին Հայաստանի իշխանությունների կողմից դրսեւորվող զսպվածությունն ու պատասխանատու պահվածքը եւ վստահություն է հայտնել, որ նրանք առաջիկայում եւս հանդես կբերեն ողջախոհություն եւ կգործեն քաղաքակիրթ երկրներում ընդունված մեթոդներով:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG