Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Մարտիրոսյան. «Վերահաշվարկի գործունեությունը կեղծ գործընթաց է»


«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ` նախընտրական քարոզարշավի եւ դրան նախորդող ժամանակաշրջանում, փետրվարի 19-ի քվեարկության ժամանակ եւ դրանից հետո խախտվել են ինչպես միջազգային նորմերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

«Եթե արդեն իսկ ե’ւ քարոզչությանը նախորդող փուլում, ե’ւ բուն քարոզչության ժամանակ ուղղորդված ինֆորմացիոն հոսքեր են գնում ընդդեմ որեւէ մեկ թեկնածուի եւ գովասանք` մեկ այլ թեկնածուի նկատմամբ, երբ քարոզչության ընթացքում օգտագործվում է վարչական ռեսուրսը, երբ ընտրությունների նախօրյակին բաժանվում են գումարներ` ընտրակաշառքների տեսքով, երբ անհասկանալի խումբ է ստեղծվում վարչապետի աշխատակազմին կից, որը ընդունում է ինչ-որ դիմումներ, ու դա դառնում է նախընտրական շտաբին կից ինչ-որ մարմին, երբ քվեարկության բուն օրը տեղի են ունենում վստահված անձանց գողություններ, բռնություններ... Այսինքն` արդեն իսկ վերհաշվարկի մասին խոսք լինել չի կարող», - լրագրողներին երեքշաբթի օրը ասաց Արմեն Մարտիրոսյանը` բացատրելով. - «Որովհետեւ մինչեւ այդ արկղի մեջ մտած քվեաթերթիկը արդեն բազմակի անգամ բռնությունների էր ենթարկվել: Ու չի կարող այդ քվեաթերթիկը, որը արդեն արկղի մեջ է, ցույց տալ հասարակության իրական պատկերը որեւէ քաղաքական ուժի կամ որեւէ թեկնածուի նկատմամբ: Դրանով իսկ այդ վերահաշվարկի գործունեությունը արդեն, ինձ թվում է, կեղծ գործընթաց է»:

Զարուհի Փոստանջյանը ավելացրեց. - «Ես կարծում եմ, նման պայմաններում խոսել, որ ընտրությունները անցել են միջազգային նորմերին համաձայն, ազգային օրենսդրություն համաձայն, դա ուղղակի անբարոյականություն է»:

«Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրություններում պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG