Մատչելիության հղումներ

Ռուսաստանում քարոզարշավի վերջին շաբաթն է


Մարտի 2-ին շուրջ 108 միլիոն ռուսաստանցիներ կմասնակցեն նախագահական ընտրություններին, որոնք, վերլուծաբանների համոզմամբ, հենց առաջին փուլում կավարտվեն նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը վայելող առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի համոզիչ հաղթանակով:

Ընտրություններին առաջադրվել է եւս երեք թեկնածու՝ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեյ Բոգդանովը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին եւ կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովը:

Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի հարցախույզի արդյունքների համաձայն, Մեդվեդեւի օգտին կքվեարկի ընտրողների շուրջ 73 տոկոսը, Զյուգանովը կստանա քվեների 15 տոկոս, իսկ Ժիրինովսկին՝ 11, Բոգդանովի վարկանիշը 1 տոկոսի սահմաններում է:

ԱՄՆ-ը եւ Եվրամիության մի շարք երկրներ դեռ փետրվարի 19-ին հայտնել են, որ մտադիր չեն դիտորդական առաքելություններ ուղարկել Ռուսաստան: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 30 դիտորդ է գործուղելու:

Մոնիտորինգ չեն իրականացնելու նաեւ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովն ու Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Իգոր Բորիսովը երեկ Փարիզում ասել է, թե ռուսական կողմը շատ է ցանկանում, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները ներկա լինեն մարտի 2-ի ընտրություններին:

«Նույնիսկ եթե նրանք ժամանեն այս շաբաթ կամ հենց մարտի 2-ին՝ մենք կանենք ամեն բան նրանց դիտորդական առաքելությանը նպաստելու համար», - հայտարարել է Բորիսովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG