Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «[Այսօր] կան «լեւոնական», «սերժական» եւ անգամ «վազգենական» ճշմարտություններ: Վերջինիս ամենավառ օրինակը` Վազգեն Մանուկյանը, ըստ էության, հայտարարում է` երբ Լեւոնն էր իր դեմ ձայներ կեղծում, դա սարսափելի էր, իսկ ահա երբ Սերժն է Լեւոնի դեմ կեղծում, դա ոչինչ` տանելի է: Այսինքն` դեռ չի ձեւակերպվել այն «վերացական» ճշմարտությունը, որ ընտրությունները կեղծելը բոլոր դեպքերում է վատ»: «Այժմ, երբ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը միացել է ընդդիմությանը, «դասակարգային գիտակցություն» ունեցողները մեզ կոչ են անում մոռանալ, որ հենց նրա’ քննիչներն էին գազանաբար խոշտանգում զինվորներին, որ հենց նրա’ ձեռքով է տապալվել «27»-ի գործը», - նկատում է խմբագիրը` հավելելով. - «Դրա մասին պետք է լռել, քանի որ պարոն Ջհանգիրյանն այժմ մասնակցում է «ավազակապետական բուրգի կազմաքանդմանը»: Բայց չէ՞ որ նա 10 տարի այդ բուրգի անբաժանելի մասն էր եւ հավատարիմ ծառան: (Ուրիշ բան, որ հիմա նրա դեմ գործ են թխում ճիշտ նույն ձեւով, ինչպես նա էր թխում հարյուրավոր զինվորների դեմ)»:

«Արդեն վեցերորդ օրն է` Ազատության հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդիկ ապացուցում են, որ իրենց կամքն ու վճռականությունը կոտրել հնարավոր չէ», - պնդել է այսօր «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը՝ բխեցնելով. - «Բոլորը սա կարծես հասկացել են, բացառությամբ թերեւս իշխանությունների, որովհետեւ ժողովրդի միասնականության դրսեւորմանը զուգահեռ` իշխանություններն այնպիսի քայլեր են անում, որոնք է’լ ավելի են միավորում համաժողովրդական շարժման մասնակիցներին»: «Սրա լավագույն ապացույցը», - ըստ խմբագրի, - «այն ձերբակալություններն են, որ սկսել են իշխանությունները շաբաթ եւ կիրակի օրերին»:

«Հրացանավոր մարդը եւ քաղաքականությունը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթը փոխանցել է. - «Երկրապահի հետ կապված այս վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ կայացած պետության պայմաններում նման կազմակերպություններ պարզապես չպետք է լինեն»։ «Ինչո՞ւ մինչեւ հիմա մեզանում կան մարդիկ, որոնք ունեն սեփական զինապահեստներ եւ զենք են սկսում բաժանել ամեն անգամ, երբ ներքաղաքական իրավիճակը սկսում է սրվել», - հարցրել է թերթն ու շարունակել. - «Ինչո՞ւ է ընդհանրապես նրանց ձեռքերում կուտակված այդ զենքը։ Սահմանները պաշտպանելու համա՞ր։ Բայց դրա համար կա բանակ: «Երկրապահ»-ը պետք է զինաթափվի, եւ դա միանշանակ է։ Զենքով այս կամ այն քաղաքական հարցի լուծումը բացառված է։ Բոլոր կողմերի համար։»

«Այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում, չի կարող իր անդրադարձը չունենալ քաղաքական եւ մերձքաղաքական գործընթացների վրա, չի կարող չանհանգստացնել սթափ մտածող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն», - գրել է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանն ու բխեցրել. - «Երեւի, այնուամենայնիվ, երկրի դեռեւս գործող նախագահի, նոր ընտրված նախագահի իմաստնությունն է պետք, որ իրավիճակի արհեստական լարվածությունը թուլացնեն թեկուզ սեփական հպարտությունից մի փշուր զիջելով` հանուն հրապարակում կանգնած թեկուզեւ խաբված հայ մարդկանց»։

«Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանի դիտարկմամբ` «շատերի համար անակնկալ է գուցե այն, որ իշխանությունը դեռ չի դիմել պատժիչ գործողությունների ժողովրդական ցույցը ցրելու եւ Ազատության հրապարակը գրավելու համար»։ «Համենայնդեպս ներկայիս իշխանության օրոք այդպիսի տեւական «հանդուրժողականություն», երեւի թե չի հիշում ոչ ոք», - նկատել է մեկնաբանն ու թվարկել այդ վիճակի պատճառները. - «Նախ՝ այսօր ակնհայտ է, որ եթե անգամ ոչ համարժեք, բայց, այնուամենայնիվ, բավական ուժային ռեսուրս կա նաեւ համաժողովրդական շարժման կողմքին՝ ի դեմս այն երկրապահ կամավորականների, որոնց, տարբեր գնահատմամբ, 90 տոկոսը պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին, եթե տեղի ունենա ուժային ճնշում»։ Երկրորդ պատճառը, ըստ մեկնաբանի, այն է, որ «միջազգային հանրության գնահատականն այդ ուժի կիրառմանը, ամենայն հավանականությամբ, կլինի բացարձակապես աննպաստ այդ իշխանությունների համար, քանի որ ցույցերը կրում են լիովին խաղաղ բնույթ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG