Մատչելիության հղումներ

logo-print
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել պետական պաշտոններից:

«Հավատարիմ մնալով 2007 թվականի ստորագրած համագործակցության համաձայնագրին, մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ եւ դիմում ենք քաղաքական Կոալիցիային համագործակցությունը դադարեցնելու առաջարկով»,֊ - ասված է այսօր տարածված հայտարարության մեջ:

Միաժամանակ, Գերագույն մարմինը հայտնում է. - «Ամփոփելով բոլոր մարզերից ու տեղամասերից ստացված զեկույցները, նկատի ունենալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները եւ միջազգային հանրության` հիմնականում դրական արձագանքը` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը չի վիճարկում ընտրությունների վերջնական արդյունքները եւ հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին»:

Դաշնակցության Գերագույն մարմինը նաեւ փաստել է. - «Համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքով զբաղվեցին առաջատար թեկնածուների կողմնակիցները, որոշ տեղամասերում կոպիտ բռնության, լցոնումների դեպքեր արձանագրվեցին, խախտումներով ընթացավ նաեւ քվեների հաշվարկման փուլը: Արդյունքում` ընտրությունների վերաբերյալ մեր քաղաքացիների գնահատականը միանշանակ չէ, եւ այսօր էլ առկա է հասարակական լարվածություն, երկիրը կանգնած է ետընտրական բեւեռացումը կանխելու եւ համերաշխության մթնոլորտը վերականգնելու հրամայականի առաջ: Ներկա իրավիճակում մենք պատրաստ ենք կամրջողի դեր ստանձնել»:

Ազգային ժողովի այսօրվա նիստում խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց փոխխոսնակի պաշտոնից Վահան Հովհաննիսյանի պաշտոնական հրաժարականի մասին:

Եթե երեք օրվա ընթացքում Վահան Հովհաննիսյանն իր հրաժարականի դիմումը հետ չվերցնի, այդ պաշտոնը թափուր կհայտարարվի:

Թե դրանից հետո Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը խորհրդարանական որ ուժին կվերապահվի` կոալիցիան այդ հարցը դեռեւս չի քննարկել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG