Մատչելիության հղումներ

«Օսկար 2007». այս գիշեր հայտնի դարձան հաղթողների անունները


«Կնոջ լավագույն դերակատարման համար» «Օսկար»-ի է արժանացել ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Քոթիյառը «Կյանքը վարդագույն երանգներով» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար: Այս ֆիլմը լեգենդար երգչուհի Էդիտ Պիաֆի մասին է: Այս անվանակարգում նրա հիմնական մրցակիցներն էին Քեյթ Բլանշեթը եւ Հելեն Փեյջը:

Արձանիկը «Տղամարդու լավագույն դերակատարման համար» Դենիել Դեյ Լյուիսին է բաժին հասել. «Նավթ» ֆիլմում նա մարմնավորել էր կալիֆորնիացի նավթարդյունաբերողին: Այս անվանակարգում եւս պայքարը թեժ էր. հաղթողի հիմնական մրցակիցներն էին Ջորջ Քլունին եւ Թոմի Լի Ջոնսը:

Լավագույն ռեժիսորներն են Քոեն եղբայրները` «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» էկրանավորման համար: Մրցանակաբաշխության ֆավորիտը համարվող ֆիլմը, ինչպես եւ սպասվում էր, արժանացավ ամենաշատ օսկարների՝ թվով 4-ը: «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» ֆիլմը հաղթեց «Լավագույն գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» եւ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում:

Ֆավորիտ էր համարվում նաեւ «Ջունո» գեղարվեստական ֆիլմը, որը այս տարի ամենաշատ գումարն է հավաքել ամերիկյան կինովարձույթի կետերում: Ֆիլմը անչափահաս հղի աղջկա մասին է, ով մարդկանց է փնտրում, ովքեր պատրաստ են որդեգրել իր դեռ չծնված երեխային: «Ջունո» Ֆիլմը «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Ռատատույ» ֆիլմը, «Եղիսաբեթ. Ոսկե դար» ֆիլմը «Օսկար»-ի արժանացավ «Հագուստի լավագույն դիզայնի» համար, «Օսկար»-ը «Լավագույն վիզուալ էֆեկտներ»-ի համար «Ոսկե կողմնացույց» ֆիլմինն է, «Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթեց «Բոռնի վերջնագիրը» էկրանավորումը:

Ընդհանուր առմամբ, «Օսկար»-ի 80-րդ մրցանակաբաշխությունը առավելապես հաջողություն բերեց եվրոպացի կինոարտադրողներին:

Այս տարվա արարողությունը վարում էր Ջոն Սթյուարթը. հայտնի հումորիստը մեծ ժողովրդականություն է վայելում ԱՄՆ-ում, մրցանակաբաշխությանը նա դարձյալ աչքի է ընկել իր սուր հումորով:

Արձանիկները մրցանակակիրներին են հանձնել հանրահայտ կինոաստղեր. բեմ են բարձրացել Նիկոլ Քիդմանը, Քամերոն Դիասը, Թոմ Հենքսը, Հարիսոն Ֆորդը, Պենելոպա Կրուզը եւ ուրիշներ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG